ԱՀԿ-ն խորհուրդ է տվել բժշկական դիմակ կրել միայն կորոնավիրուսի վարակակիր կամ հիվանդի խնամակալ լինելու դեպքերում․ BBC


ԱՀԿ-ն խորհուրդ է տվել բժշկական դիմակ կրել միայն կորոնավիրուսի վարակակիր կամ հիվանդի խնամակալ լինելու դեպքերում․ BBC
Մարտ 31 07:50 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները երկուշաբթի հայտարարել են, որ մարդկանց խորհուրդ չեն տալիս մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ կրել, եթե նրանք նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիր չեն կամ չեն խնամում կորոնավիրուսով հիվանդի, գրում է BBC-ն։

«Ոչ մի կոնկրետ ապացույց չկա, որ բնակչության կողմից դիմակների օգտագործումն արդյունավետ է »- ասել Է ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը Շվեյցարիայում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կա նաև մի խնդիր, այն է՝ աշխարհում բժշկական պարագաների զգալի պակաս։ Ներկայում այս վիրուսով վարակվելու առավել խոցելի խումբն առաջնագծում աշխատող բուժաշխատողներն են, որոնք ամեն օր ենթարկվում են վարակի ազդեցությանը։ Այն միտքը, որ նրանք կարող են դիմակներ չունենալ, սարսափելի է»,- ասել է Ռայանը։

ԱՀԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբան Մարիա վան Կերխովն, իր հերթին, հայտարարել է, որ կարևոր է առաջնահերթ ուշադրություն դարձնել, թե ում են տրամադրվում դիմակները։

«Մենք խորհուրդ չենք տալիս դիմակներ կրել, եթե ինքներդ հիվանդ չեք և չեք փորձում այդպիսով կանխել վարակի հետագա տարածումը», - ասել է Վան Կերխովը:

«Մենք պետք է հստակեցնենք իրավիճակը։ Աշխարհը բժշկական պաշտպանական միջոցների, այդ թվում՝ դիմակների, ձեռնոցների, բժշկական հանդերձների, զգալի պակասի շեմին է: Մեր բուժաշխատողների պաշտպանությունն անհրաժեշտ բժշկական պաշտպանական միջոցների տրամադրման առումով պետք է առաջնային լինի»,- ասել է Վան Կերխովը:

Tert.am