Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի աշխատավարձը կբարձրացվի․ նոր նախագիծ՝ պատգամավորների կողմից


Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի աշխատավարձը կբարձրացվի․ նոր նախագիծ՝ պատգամավորների կողմից
Մարտ 31 00:08 2020

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Համազասպ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Վլադիմիր Վարդանյանը և Արթուր Դավթյանը առաջարկում են փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։

 

Սույն փոփոխությունների համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին և հանրությանը։ Ներկա իրավակարգավորումների շրջանակներում մշտական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է:

 

Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը կնպաստի առավել քննարկված եւ հիմնավոր որոշումների կայացմանը, իսկ նախագծի 4-րդ հոդվածը ուղղված է շահերի բախման բացառմանը:

 

 

Հեղինակները նշել են, որ խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի հստակեցում-ամրագրումը կնպասի խորհրդարանի՝ իր առաքելության, այն է խորհրդարանական վերահսկողության առավել նպատակային, թիրախային կիրառելուն:

 

«Սույն նախագծով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ կատարել առաջարկություն, ինչն իր հերթին բարձրացնում է երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը:

 

Մշտական հանձնաժողովների եւ Ազգային ժողովի խմբակցությունների կողմից կատարվող աշխատանքների եւ կայացվող որոշումների արդյունավետության բարձրացմանն է ուղղված խորհրդականի ինստիտուտի ներդնումը, մշտական հանձնաժողովի նախագահի աշխատակազմում խորհրդականի առկայությունը նորություն չէ միջազգային պրակտիկայում, նման նախադեպով աչքի են ընկնում Իռլանդիան, Անգլիան (երբ երկու` Լորդերի պալատը եւ Համայնքների պալատը ստեղծում են ընդհանուր հանձնաժողովներ):

 

Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, ինչը հնարավորություն կտա աշխատաշուկայից ներգրավել առավել արհեստավարժ մասնագետի: Խորհրդականի պաշտոնը փորձագետի պաշտոնից տարբերվելու է իր հայեցողական բնույթով եւ առավելապես ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»,-նշել են հեղինակները:

 

 

Ըստ այդմ, հեղինակները առաջարկում են բարձրացնել նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի աշխատավարձը մինչև 396 հազար 840 դրամ (նեռարյալ ԱԱՀ)։ Գործով օրենքով՝ աշպատավարձը 363 հազար 770 դրամ է։