Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև քրեական գործերով անցնող գործարարներ


Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև քրեական գործերով անցնող գործարարներ
Մարտ 30 23:57 2020

factor.am-ը գրում է.

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը գործարարներից շնորհակալություն է հայտնել, որ հակառակ բոլոր դժվարությունների, շարունակում են աշխատել բնականոն ձևով: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ի թիվս այլ գործարարների, ներկա են եղել նաև քրեական գործերով անցնող գործարարներ։ Մասնավորապես, վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, նա Սերժ Սարգսյանի ընկերն է: Նշենք, որ հեղափոխությունից հետ Բարսեղ Բեգլարյանն անցնում է երկու քրեական գործով: Գործերից մեկը, որով անցնում է նաև Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսական աշխատանքների համար պետությունից գյուղացիներին տրվող դիզվառելիքի չարաշահման հետ է կապված:

Ըստ ՀՔԾ-ի, մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն է կատարվել: Իսկ ահա Բարսեղ Բեգլարյանին առաջադրված մյուս մեղադրանքն այն բանի համար է, որ նա 2016 թվականի մարտ-ապրիլի ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել է ինքնիրավչություն՝ վերջինի օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականի ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած գործարարների թվում է եղել նաև «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը: ՊԵԿ-ը նախորդ տարի հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ: Ըստ ՊԵԿ-ի, այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել: Դավիթ Ղազարյանն այժմ ազատության մեջ է, նա մեկ միլիարդ դրամ գրավ է վճարել, նախաքննությունը շարունակվում է: