«Դա դստերս համար լավագույն անակնկալն է»․ Գոհար Հարությունյանը՝ մեկուսացման պայմաններում դստեր 12-ամյակի, տարեդարձի թեմայի ու սպասված անակնկալի մասին


«Դա դստերս համար լավագույն անակնկալն է»․ Գոհար Հարությունյանը՝ մեկուսացման պայմաններում դստեր 12-ամյակի, տարեդարձի թեմայի ու սպասված անակնկալի մասին
Մարտ 30 19:45 2020

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի ընտանիքը ևս այս օրերին մեկուսացած է։ Մեկուսացման պայմաններում Գոհարն այսօր նշում է ավագ դստեր՝ Մելինեի տարեդարձը։

Նրա խոսքով՝ դուստրն ըմբռնումով է մոտեցել, որ այս սովորականից ավելի պասիվ տարեդարձ է ունենալու։

«Առաջնայինն ապահովությունն է, որևէ մեկին չենք վտանգի՝ ո՛չ մեզ, ո՛չ հյուրերին։ Անպես որ, այս տարի առանց հյուրերի և միայն ընտանեկան միջավայրում կնշենք օրը։ Աղջիկս շատ հասկացող է, հանգիստ, հասուն է մոտենում հարցին։ Իրեն դեռ մի քանի օր առաջ բացատրել էինք, որ օրը պասիվ է անցնելու։ Չնայած մեր դեպքում դա գուցե այդքան չզգացվի, որովհետև, անկախ մեկուսացումից, մենք շատ ենք»,-ասաց նա։

Գոհարը նշեց, որ օրվա զգալի մասն աղջիկն օնլայն դասերով է զբաղված լինելու, դրանից հետո իրենք պատրաստվում են բացօթյա ընտանեկան հավաքի։

«Մելինեի ընկերները խումբ են ստեղծել, որտեղ նրան շնորհավորել են։ Շատ էր ուրախացել ընկերների այդ անակնկալից։ Իհարկե, հետաքրքիր պահեր դեռ կլինեն։ Արդեն մտածել ենք, թե դստերս համար լավագույն անակնկալը որը կլինի»,-ասաց Գոհարը և նշեց, որ աղջիկը վերջին շրջանում հետաքրքրված է Մայքլ Ջեքսոնի ստեղծագործական կյանքով։ -Նա հավատում է, որ Ջեքսոնը ողջ է։ Մեզ ասում է՝ խնդրում եմ, իրեն հրավիրեք իմ տարեդարձին։ Տարեդարձի թեման Մայքլ Ջեքսոնի ստեղծագործական կյանքն ու կերպարն է։ Թեմային համահունչ նկարազարդ տորթ ենք պատվիրել, քույրս շապիկի վրա նկար է պատրաստել։ Մելինեն անհամբեր սպասում է, երգեր էլ են լինելու։ Սռանձնապես ինչ-որ նվեր չկա, որ ցանկացել է ստանալ։ Ընտրված թեման դստերս համար լավագույն անակնկալը կլինի»։

Գոհարի խոսքով՝ ընտանեկան փոքրիկ հավաքույթ կանեն, որի ընթացքում կմատուցեն անակնկալները․ «Բարեբախտաբար, մենք քաղաքից դուրս ենք ապրում, մեր տան տարածքում էլ կարող ենք բացօթյա ինչ-որ բան կազմակերպել։ Աղջիկս առհասարակ սիրում է պիկնիկներ, փոքրիկ վրան, բնություն սիրում է։ Մեր հնարավորությունների սահմանում կուրախացնենք իրեն։ Մեկուսացված պայամաններում կփորձենք երեխաների համար լավ ժամանց ապահովել»։

Գոհարը ժպիտով նկատեց, որ մի քանի օրից էլ մյուս դստեր տարեդարձն է։ «Նրա դեպքում մի փոքր գուցե բարդ լինի, որովհետև դեռ փոքրիկ է, չի գիտակցում։ Ընկերուհուն ասում էր, թե մեր տուն հյուրեր են գալու։ Բայց իրեն էլ նախապարտրաստել և տրամադրել ենք, որ իր այս տարեդարձը պասիվ ու առանց հյուրերի է լինելու»։