Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը կդիմի ՀՔԾ


Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը կդիմի ՀՔԾ
Մարտ 29 00:55 2020

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի փաստաբանը կդիմի ՀՔԾ` գործով քննիչի հետ կապված քրեական գործ հարուցելու դիմումով: Այս մասին  NEWS.am-Ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Գեւորգյանը:

 

«Երկուշաբթի օրը  կդիմեմ Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունն իրականացնող քննիչի հետ կապված քրեական գործ հարուցելու դիմումով: Այսինքն` Դավիթ Մովսիսյանին ձերբակալելու արձանագրորությունը առաջին ատյանի դատարանը դիտեց ոչ իրավաչափ, քանի որ քննիչը քրեական դատավարության չնախատաեսված հիմք էր առաջ բերել եւ ձերբակալել:

 

Ես մտածում էի, որ կբողոքարկեն, չեն համակերպվի այդ մտքի հետ, բայց չբողոքարկեցին, փաստացի ընդունելով, որ քննիչը թույլ է տվել խախտում»,- ասաց նա:

 

 

Նա հավելեց, որ ամեն ինչ անելու են իրավական առումով` ապացուցելու, որ հարուցված քրեական գործն այդ հոդվածով ապօրինի է, ինչպես նաեւ առաջադրված մեղադրանքը եւ կալանավորումը:

 

«Ուղղակի անթույլատրելի է, որպես երեւույթ այդ ամենը կախված է ցանկացածի գլխին, որովհետեւ եթե մենք  ունենք իրավունքի այդչափ ոտնահարում դատարաներում եւ նախաքննական մարմիներում, ոչ մեկ դրանոքւմ ապահովված չէ, ու դրա համար պայքարում ենք, ոչ միայն Դավիթ Մովսիսյանի, այլ իրավական բեսպրեդելի դեմ»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ նախաքննության ընթացքում իրենց մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի իրականացվել:

 

«Իրավունքի հետ որեւէ կապ չունեցող նախաքննություն է ընթանում, ծայրից ծայր խախտումներով, որակումն ապօրինի, կալավորումն ապօրինի է»,- նշեց նա:

 

Նշենք, որ Դավիթ Մովսիսյանի կալանքը երկարացվել է եւս 2 ամսով:

 

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

 

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: