ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին


ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին
Մարտ 28 23:32 2020

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը: Այս մասին նրանք հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում:

 

«Արդարությունը և ողջամտությունը վերականգնելու ճանապարհին

‼️Արդեն մեկ ամիս է, ինչ ՁԻԱՀ֊-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցները սեփական դիմումների համաձայն ազատված են աշխատանքից:

 

Աշխատանքից ազատման դիմումները ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու անհիմն որոշման հնարավոր հետևանքներին որոշման հեղինակների ուշադրությունը հրավիրելուն, մեկ տարի չլսված ձայնը լսելի դարձնելուն ուղղված հարկադրված քայլ էր:

 

Մասնագիտական և մարդկային տեսանկյունից չափազանց ծանր այդ քայլին դիմեցինք՝ չցանկանալով դառնալ նշված որոշման իրագործման անցանկալի հետևանքների կրողը:

 

 

Առ այսօր որևէ արձագանք երկրի առողջապահական համակարգում աննախադեպ այս երևույթին չկա:

 

Այնուհանդերձ, վստահ ենք, որ ի վերջո մեր ձայնը տեղ կհասնի և արդարությունը կվերականգնվի։

ՁԻԱՀ֊ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու իրական նպատակներին և գործընթացի հիմնական դերակատարներին կանդրադառնանք ավելի ուշ։

 

Իսկ այս պահին օգտագործում ենք յուրաքանչյուր հնարավորություն՝ ծառայեցնելու մեր գիտելիքները, հմտություններն ու ջանքերը հանրային առողջության սպառնալիքի՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին և այդ մարտահրավերի հաղթահարմանը։

 

Պահպանեք ձեր և ձեր մտերիմների առողջությունը»,- գրված է էջում։