Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարություն է տարածել


Յուրի Խաչատուրովի փաստաբանը հայտարարություն է տարածել
Մարտ 27 19:38 2020

Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանն անդրադարձել  է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությանը։ Արտակ Գալստյան անվամբ ֆեյսուքյան օգտատերը, որն առավել հայտնի է Վանոյի Արտակ մականվամբ, գրառում է կատարել այն մասին, որ Յուրի Խաչատուրովը խուսափում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և այդպիսով խոչընդոտում է ապրիլյան քառօրյայի բացահայտմանը:

 

Միաժամանակ, նա նշում է, որ վերջինս հրաժարվում է ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով և տալ մի շարք հարցերի պատասխաններ:

 

«Քանի որ հարկ չենք համարում գրագրություն սկսել Արտակ Գալստյանի հետ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուստի հորդորում ենք վերջինիս՝ զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց: Միաժամանակ, հայտնում ենք, որ նմանատիպ հայտարարություններ կատարելու համար Յուրի Խաչատուրովը գրեթե 2 տարի առաջ դիմել է դատարան ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունները և որպես վնասի փոխհատուցում վճարել 2 մլն դրամ:

 

Ընդ որում, պետք է փաստել, որ Ստեփան Գրիգորյանը չունի որևէ ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար և հնարավորինս ձգձգում և հետաձգում է դատական նիստերը:

 

Միաժամանակ, դատավարության ընթացքում ուսումնասիրել ենք այն տեղեկատվության աղբյուրները, որին նիստերի ընթացքում հղում է կատարել Ստեփան Գրիգորյանը: Հղումների աղբյուրը armcrimenews.com լրատվական կայքն է, որը ներկայումս փակված է, իսկ կայքի հիմնադիրը այդ նույն Արտակ Գալստյանն է եղել, ում նկատմամբ հարուցվել և քննվել են բազմաթիվ քրեական գործեր՝ տվյալ կայքում և այլ կայքերում կեղծ տեղեկություններ հրապարակելու միջոցով մարդկանց շորթմամբ զբաղվելու համար:

 

Ուստի, կրկին անգամ, հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ զրպարտչական գրառումներ կատարելուց»,- ասվում է հայտարարությունում: