Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության


Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության
Մարտ 27 19:12 2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ ընկերությունը շարունակում է գործունեությունը:

 

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնեցին նշված հասցե, որտեղ էլ պարզվեց, որ արտադրամասն աշխատում է:

 

Ընկերության տնօրենի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:

 

Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։