Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)


Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (լուսանկարներ)
Փետրվար 17 20:55 2020

Փետրվարի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածինի տեղեկատվական համակարգից։

 

Հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնվեց արցախաբնակ  բարերար տիար Գարի Սաֆարյանին:

 

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

Այնուհետև Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանն  ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Գոհունակությամբ տեղեկացանք  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից բարեպաշտ ու հավատավոր ոգով մատուցված Ձեր եկեղեցանվեր  ծառայությանց մասին: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից բերում  ենք Ձեզ՝ մեր Սուրբ եկեղեցու նվիրյալ զավակիդ, Հայրապետական Մեր օրհնաթյունն ու գնահատանքը։

 

Գոհունակությամբ ենք անդրադառնում Ձեր գործունեությանը, որ բարեզարդված է հայրենի Արցախ աշխարհի խաղաղության պահպանման, Պաշտպանության  բանակի կայացման ու զորացման գործին, ինչպես նաև արցախաբնակ Մեր սիրելի զավակների հոգևոր-եկեղեցական կյանքին բերած գնահատարժան վաստակով: Տասնամյակներ շարունակ զինվորական պատասխանատու պաշտոններում Դուք արդյունավորել եք Ձեր ծառայությունը, միաժամանակ աստվածահաճո ձեռնարկումներով սատար եղել Արցախի թեմի հոգեխնամ սպասավորության իրականացմանը։

 

Մեր Սուրբ եկեղեցու առաքելության արգասավորմանը  մասնակից լինելու նախանձախնդիր ոգով, Դուք լինելով Շուշիի Սուրբ  Հովհաննես եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետը, ազնիվ բարերարությամբ հիմնովին վերանորոգեցիք պատմական այս եկեղեցին՝ պարսպապատելով ու բարեկարգելով հարակից տարածքը, կառուցելով երիցատուն ու մատաղատուն։

 

Ձեր գովարժան հանձնառությունը և իրագործած բարերարությունները, ինչպես նաև շարունակաբար  սատարումները Տիրախնամ թեմի հոգեշահ  ծրագրերին, վկայությունն է բարեպաշտ  հայորդուդ աստուածսիրության. Առաքելական մեր Սուրբ եկեղեցու հանդեպ ջերմ սիրո հավատարմության»:

 

Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:

 

Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Գարի Սաֆարյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր եկեղեցանվեր և ազգաշեն ծառայությունը:

 

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ հավատքով ապրող նմանօրինակ անձանց եկեղեցանվեր գործունեության շնորհիվ է, որ  հաղթանակել և հարատևում է Արցախ աշխարհը:

 

Հայոց Հայրապետը  տիար Սաֆարյանին մաղթեց Տիրամոր բարեխոսությունն ու հովանավորությունը, որպեսզի վերջինս կարողանա շարունակել իր հավատաշեն և ազգասեր գործունեությունն ի փառս Արցախ աշխարհի և ի բարօրություն արցախահայության:



loading...