Պետք է պաշտոնանկ արվեն պաշտպանության նախարարներն ու Զինված ուժերի շտաբերի պետերը


Պետք է պաշտոնանկ արվեն պաշտպանության նախարարներն ու Զինված ուժերի շտաբերի պետերը
Փետրվար 16 15:59 2020

1in.am-ը գրում է.

Օրեր առաջ Արցախում զոհվեցին ժամկետային զինծառայողներ շարքային Տիգրան Մանվելյանն ու կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանը։ Նրանք մահացել էին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։ ՀՀ  քննչական կոմիտեն նրանց մահվան առթիվ հարուցել է քրեական գործ։

Նախօրեին կրկին գույժ ստացանք, որ դարձյալ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից  Արցախում զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու մասով։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այս տարվա 1,5 ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայող է մահացել։

Քաղաքական որոշ շրջանակներ փորձեցին հակասություն գտնել հայաստանցի-ղարաբաղցի ղեկավարների մեջ, հարցադրումներ անել, թե ինչու են հայաստանցի զինվորները զոհվում Ղարաբաղում՝ առանց մահվան իրական հանգամանքների ու պատճառների մեջ խորամուխ լինելու։

Արցախի հակամարտության հարցում ծայրահեղ պացիֆիզմով հայտնի եւ միայն զիջումների գնալուն հակված քաղաքական ուժերն ու նրանց աջակից ԶԼՄ-ները նաև նշում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների կողմից չընկալվելու մասին, հարց հնչեցնում, թե ինչու Փաշինյանը նրանց մինչ այսօր ասֆալտին չի փռել։

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում Արցախում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերը կրում են համակարգված բնույթ, եւ դա կապված է Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունների ՝ անձնակազմի հետ իրականացրած  ոչ գրագետ աշխատանքի հետ։

«Միանշանակ է, որ բանակում պետք է իրականացվեն լուրջ բարեփոխումներ։ Իսկ ինչ վերաբերում է հայաստանցի-ղարաբաղցի տարանջատմանը, ապա ժողովուրդը պետք է իմանա՝ ո՞նց կարող է Արցախի ղեկավարությունը դեմ լինել Հայաստանի ղեկավարությանը եւ պրովոկացիաներ անել։ Սա ազգային հարց է, պետք է մտածել՝ ի՞նչ է կատարվում։ Ես գիտեմ, որ Արցախի ղեկավարությունը շատ վատ է զգում, որովհետեւ այն, ինչ կատարվում է Արցախի տարածքում, Հայաստանի զինված ուժերին է վերաբերում»,- ասաց Կարեն Օհանջանյանը։ Նա կարծում է, որ ՀՀ վարչապետը պետք է պաշտոնանկ անի  պաշտպանության նախարարներին և ԶՈՒ շտաբի պետերին՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում, նշանակի այդ ոլորտներում նոր, պրոֆեսիոնալ  ղեկավարներ, որոնք կիրականացնեն թափանցիկ հետաքննություն՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում բանակում։

Կարեն Օհանջանյանը նկատում է, որ զարգացած երկրներում, երբ մեկը բանակում ինքնասպանություն է գործում, պաշտպանության նախարարն ու Զինված ուժերի շտաբի պետը դիմում են գրում եւ հեռանում պաշտոններից։

«Ես չգիտեմ, թե ովքեր, ինչու են շահարկում հայաստանցի-ղարաբաղցի գործոնը, բայց նման բան գոյություն չունի։ Պետք է բանակում լինեն քաղաքականապես պատրաստված սպաներ, նրանց դերը պետք է ուժեղանա, ոչ թե փոշիացնեն։ Պատահում է՝ սպան զինվորին ուղարկում է ծառայության, նա ասում է՝ չեմ գնում»,- նշեց Կարեն Օհանջանյանը։