«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը՝ Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
Հունվար 20 15:04 2020

Տեղի է ունեցել ուժային կառույցի հերթական ղեկավարի սպանությունը կամ ինքնասպանությունը։ Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական պատմությունից հետո հանրությունն այս անգամ ցնցվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածով, ինչը կարծես դառնում է օրինաչափություն այսօրվա Հայաստանի համար։

Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ ողբերգություն է, այլ նաև հարված մեր պետական անվտանգության համակարգին, հանրային կյանքի մթնոլորտը է՛լ ավելի պղտորելու, կասկածներ ու անորոշություն սերմանելու վտանգավոր իրավիճակ, որն ավելի կխորանա, եթե գործն արագորեն ու ամբողջությամբ չբացահայտվի, և հասարակությունը չստանա բոլոր հարցերի պատասխանները։ Միաժամանակ, գործի բացահայտումը կարևոր է կատարված ողբերգությունը շահարկումների ու քաղաքական մանիպուլյացիաների առարկա չդարձնելու առումով, ինչի նախադրյալները, ցավոք, արդեն կան։

Ակումբն իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, կիսում նրանց անսփոփ վիշտը։

Ակումբն իրավապահ մարմիններից ակնկալում է ջանքերի քառապատկում և սպանության կամ ինքնասպանության հանգամանքների ամբողջական բացահայտում, քանզի հարցն, իրոք, առնչվում է մեր երկրի անվտանգությանը։

Ակումբը կոչ է անում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր Կուտոյանի մահն օգտագործում են հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու կործանարար քաղաքականությունը խորացնելու համար, զերծ մնալ այդ մոտեցումներից։ Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի և վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձևավորելուն։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբ



loading...