«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Գեւորգ Սաֆարյանին


«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Գեւորգ Սաֆարյանին
Դեկտեմբեր 16 15:45 2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» Դատական տեղեկատվական համակարգից:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

 Հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գևորգ Սաֆարյանի «irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիան» վերնագրով հարցազրույցը: 

Սաֆարյանն այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիանը» նախորդ իշխանությունների հետ ապօրինի գործարքների միջոցով ստացել է հանքի շահագործման թույլտվություններ և ամեն կերպ փորձելու է շահագործել հանքը:

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին: