«Հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք», «Անջատեք տիկին Վարդանյանի խոսափողը», «ՀՀԿ-ի ժամանակ անգամ նման երևույթ չկար». թեժ իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստին


«Հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք», «Անջատեք տիկին Վարդանյանի խոսափողը», «ՀՀԿ-ի ժամանակ անգամ նման երևույթ չկար». թեժ իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստին
Դեկտեմբեր 16 13:10 2019

Երևանի ավագանու այսօրվա նիստին «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ելույթից հետո թեժ իրավիճակ ստեղծվեց դահլիճում, գրում է Tert.am-ը։

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցի քննարկման ժամանակ Թեհմինա Վարդանյանն իր ելույթում անդրադառնում էր նախորդ հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, թե վտանգավոր թափոններն այսօր Նուբարաշենի աղբավայրում են թափվում:

«Անկեղծորեն Ձեզ խնդրում և հորդորում եմ՝ մի քիչ ավելի մտածված խոսեք: Դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք և դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի և նախարարության: Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, սա ուղղակիորեն անթույլատրելի է, որովհետև կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից կգ-ներով կշռում են այդ աղբը... Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ»,- իր ելույթում ասաց Թեհմինա Վարդանյանը:

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը հայտարարեց, որ հարցի քննարկմանը այլ թեմայի անդրադառնալը կանոնակարգի կոպտագույն խախտում է, ինչից հետո Հայկ Մարությանը կոչ արեց. «Անջատեք տիկին Վարդանյան խոսափողը»:

«Այսուհետ ելույթները կպահանջեմ, որ լինեն թեմայի շուրջ: Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետև վտանգավոր թափոնները, եթե Դուք պատկերացնում եք, որ միայն առողջապահությանը վերաբերող թափոններն են, չարաչար սխալվում եք: Մարտկոցները, համակարգիչները, էկրանները վտանգավոր թափոններ են»,- ասաց քաղաքապետը:

Հայկ Մարությանի խոսքից հետո նրա խորհրդականը նշեց, որ կանոնակարգը հստակ նախատեսում է նաև ներգործության միջոցները խախտելու դեպքում ավագանու անդամին դահլիճից դուրս հրավիրել:

Արտահերթ ելույթի իրավունք խնդրեց նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Եթե ձեզ թվում է, թե դուք մեր ելույթները պետք է գրաքննեք և մեր խոսքը սահմանափակեք, ապա այդպիսի երևույթ չի եղել ոչ ազգային ժողովում՝ ՀՀԿ-ի ժամանակ, ոչ Երևանի ավագանիում՝ ՀՀԿ-ի ժամանակ և չի լինելու: Թույլ չեմ տալու, որ ավագանու անդամների խոսքը գրաքննվի»,- ասաց Դավիթ Խաժակյանը: