«Մեր հյուպատոսությունը կապի մեջ է, 2 օրից նա կլինի ՀՀ-ում». մահացած 4 երեխաների հայրը միգրացիոն օրենք է խախտել


«Մեր հյուպատոսությունը կապի մեջ է, 2 օրից նա կլինի ՀՀ-ում». մահացած 4 երեխաների հայրը միգրացիոն օրենք է խախտել
Նոյեմբեր 18 12:45 2019

Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը և երեխաների հոր ձերբակալությունը առավոտվանից որոշ «մարդիկ և լրատվականներ» դարձրել են շահարկման թեմա: Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեխաների հոր ձերբակալման մասին տեղեկատվություն ստանալու համար քիչ առաջ ես և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կապ ենք հաստատել Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ, ով հաստատեց, որ երեխաների հայրը` Մարգարյան Արմանը, ձերբակալվել է ՌԴ միգրացիոն օրենքը խախտելու համար: Մեր հյուպատոսությունը արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: