ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը


ԵԱՏՀ-ն նախատեսում է մինչև 2025թ. վերացնել միությունում առկա խոչընդոտների զգալի մասը
Նոյեմբեր 13 12:17 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախատեսում է մինչև 2025 թվականը վերացնել ԵԱՏՄ-ում այս պահին առկա 71 խոչընդոտների այն մասը, որոնք կապված են անդամ երկրներին տրված բացառությունների (արտոնություններ) հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը:

«Մենք ունենք ֆիքսված 71 խոչընդոտ, և աշխատում ենք բոլոր ուղղություններով: Խնդիրն այն է, որ այդ խոչընդոտների մեծ մասը օրենքով սահմանված խոչընդոտներ են, դրանք այսպես ասած այն բացառություններն են, որոնք տրված են երկրներին օրենքով: Եվ մենք հարց ենք բարձրացնում, որ այդ բացառությունները վերանան: Հիմա հարցը դրվելու է նաև նախագահների մակարդակով, որ բոլոր բացառությունները, որոնք երկրներին տրվել են բանակցությունների ժամանակ, մինչև 2025 թվականը վերացնեն»,-ասաց Մինասյանն ու հավելեց՝ բացառությունների վերացման հարցը պատրաստվում են լուծել մինչև 2025 թվականը:

Նա առավել խնդրահարույց համարեց առկա այն մոտ 20 խոչընդոտները, որոնք կապված են օրենսդրական բացերի հետ: Այդ բացերի արդյունքում միությունում հաճախ ազգային շուկաները մնացած մասնակիցների համար փակվում են։ Մոտ 20 խոչընդոտները կապված են նրա հետ, որ ազգային օրենսդրությունները չեն համապատասխանում վերազգային օրենսդրությանը, համապատասխանեցված չեն պայմանագրին: «Այսպես ասած, երկրներում խախտում է արձանագրվում, որը մենք բացահայտում ենք և առաջարկում երկրին այդ խոչընդոտը վերացնել»,-նշեց Մինասյանը:

Այնուամենայնիվ, Կոլեգիայի անդամը շեշտեց, որ վերջին 3 տարվա ընթացքում մոտ 40 խոչընդոտ արդեն վերացրել են, սակայն դա շարունակական գործընթաց է: Նա նկատեց՝ ծագում են տարբեր խնդիրներ, ամենաշատը՝ սննդամթերքի առք ու վաճառքի հետ կապված:

Անդրադառնալով Հայաստանին առնչվող հարցերին՝ Մինասյանը վստահեցրեց, որ իրենք լուծում են բոլոր այն խնդիրները, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնում է հանձնաժողովի առջև:

Աննա Գրիգորյան

 

 


loading...