ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը
Նոյեմբեր 13 11:00 2019

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 13-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

 

Առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում նշվել էր, որ ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումն այնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները:

 

 

Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:

 

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:



loading...