Բացառիկ վիրահատություն Հայաստանում. երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կանեն

Բացառիկ վիրահատություն Հայաստանում. երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կանեն
Հոկտեմբեր 22 13:09 2019

Այս շաբաթ Հայաստանում առաջին անգամ երեխայի լյարդ կփոխպատվաստեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վիրահատությունը տեղի կունենա «Արաբկիր» ԲԿ–ում, և մեր բժիշկներին կօգնեն Բելառուսի հիվանդանոցներից մեկի մասնագետները։ Մենք սերտորեն համագործակցում ենք Բելառուսի հետ, քանի որ այդ երկիրն աշխարհում լավագույն տեղերում է փոխպատվաստման հարցում»,– ասաց նա։

Այս տարվա ապրիլի 24–ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել էր լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» ԲԿ–ում վիրահատել էին 56 տարեկան մի կնոջ, որի համար դոնոր էր հանդիսացել 20-ամյա դուստրը: Նախարարը վստահեցրեց, որ փոխպատվաստում իրականացված կնոջ վիճակը լավ է. վիրահատությունը հաջող ելք է ունեցել։

Խոսելով դիակային փոխպատվաստման համակարգի ներդրման մասին` Թորոսյանը հայտնեց, որ այն կյանքի կկոչվի առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Նա նշեց, որ չնայած քննադատություններին, իր` նման քայլի դիմելու մտադրությունն ուժի մեջ է։

«Դիակային փոխպատվաստման միջոցով փրկելու ենք մարդկանց կյանքը։ Խոսքը հիմնականում հեմոդիալիզ ստացողների մասին է, որոնց քանակն այս պահին 1000–ի է հասնում, սակայն տարեցտարի այդ թիվն ավելանում է։ Դիակային փոխպատվաստում կփորձենք իրականացնել նաև մյուս օրգանների դեպքում` լյարդի, սրտի, եղջերաթաղանթի»,– ասաց նախարարը։

Նա հայտնեց նաև, որ քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը չլինի դոնորի մոտ, նրանից չեն կարող որևէ օրգան վերցնել։ Մյուս կողմից, Թորոսյանի խոսքով` գործելու է նաև հրաժարվելու ինստիտուտը։ Այսինքն` երբ հայտարարվի դիակային փոխպատվաստման անցնելու մասին` կնշվի նաև, որ ով ուզում է իր ուղեղային մահից հետո իր օրգանները չօգտագործվեն, կարող է հրաժարվելու դիմում գրել։

Նախարարը նշեց, որ հասկանում է` դիակային փոխպատվաստման համակարգը ներդնելու համար պետք է շատ զգույշ առաջ գնալ, բայց որ պետք է այդ քայլն արվի, միանշանակ է։Հիշեցնենք` ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ պատրաստ է մահից հետո իր օրգանները տրամադրել մեկին, ով կունենա դրա կարիքը։

armeniasputnik.am

loading...