Արայիկ Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի պետական դպրոցները հայոց լեզվի դասագրքերով ապահովելու և այլ հարցեր


Արայիկ Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի պետական դպրոցները հայոց լեզվի դասագրքերով ապահովելու և այլ հարցեր
Հոկտեմբեր 17 19:49 2019

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Երկու երկրների նախարարները հանդիպման սկզբում ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև եղած ջերմ, բարեկամական հարաբերությունների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել այդ գործընկերության կամուրջներն ամրապնդելու նաև իրենց համակարգած ոլորտներում։

Արայիկ Հարությունյանը և Միխեիլ Բատիաշվիլիին կարևորել են երկու երկրների միջև ձևավորված աշխատանքային խմբերը, որոնք այժմ քննարկում են ճանապարհային քարտեզի համատեղ մշակման ձևաչափերը: Այս աշխատանքային խմբերի օրակարգում են՝ Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչների շարունակական մասնագիտական վերապատրաստման, երկու պետություններում համատեղ օլիմպիադաների կազմակերպման, հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովման, ինչպես նաև դասագրքերի թարգմանության ընթացքում մասնագիտական աջակցության տրամադրման հարցերը:

Հանդիպման ընթացքում նախանշված համագործակցության մյուս ուղղությունը մշակութային ժառանգության պահպանությունն էր։ Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել մշակութային ժառանգության համար պատասխանատու կառույցների միջև համագործակցությանը՝ գործող աշխատանքային խմբի և այն միջազգային պարտավորությունների շրջանակում, որոնք ուժի մեջ են երկու երկրների համար:

Հայաստանի և Վրաստանի ԿԳՄՍ նախարարները նաև կարևորել են բարեփոխումների իրականացման գործընթացում փորձի փոխանակման հարթակների ստեղծումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 22-27-ը ՀՀ ԿԳՄՍ հրավերով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կազմակերպած ամառային ճամբարին Վրաստանի քաղաքացիների մասնակցությանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափերը երիտասարդների միջև շփումներն ակտիվացնելու հնարավորություն են տալիս։



loading...