Հովիկ Աղազարյանը ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն լուծարելու փաստաթուղթ է հեղինակել


Հովիկ Աղազարյանը ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն լուծարելու փաստաթուղթ է հեղինակել
Հոկտեմբեր 15 21:30 2019

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աղմուկից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատական համակարգը բարեփոխող հայեցակարգ է մշակել: Այսօր նա այդ հայեցակարգը փոխանցել է «Իմ քայլը» խմբակցությանը, գործընկերների կարծիքները լսելու եւ փաստաթուղթը վերջնական տեսքի բերելու համար: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լուծարվելու են Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները, փոխարենը ստեղծվելու է Գերագույն դատարան: Բացի այս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հեղինակած բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է ստեղծել Դատական պալատ, որը փոխարինելու է Բարձրագույն դատական խորհրդին:

Հովիկ Աղազարյանի հեղինակած հայեցակարգն առայժմ շրջանառության դրված չէ, հասանելի է միայն «Իմ քայլը» խմբակցության պատագավորներին: Հովիկ Աղազարյանը չբացառեց, որ գործընկերների հետ քննարկումների արդյունքում հնարավոր է, որ գան այն եզրահանգմանը, որ փոփոխություններն անհրաժեշտ չեն: