Էջմիածնի քաղաքապետը քայլեր է ձեռնարկում քաղաքային տուրիզմը զարգացնելու համար


Էջմիածնի քաղաքապետը քայլեր է ձեռնարկում քաղաքային տուրիզմը զարգացնելու համար
Հոկտեմբեր 15 16:40 2019

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքի առաջնահերթ խնդիրներից է համարում համաչափ զարգացումը, բնակիչների հարմարավետությունն ու Էջմիածնի արտաքին տեսքը:

Գասպարյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

«Կարծում եմ, որ Էջմիածինն օր առաջ պետք է քայլեր ձեռնարկի զարգացնելու համար քաղաքային տուրիզմը: Մենք մեծ պոտենցիալ ունենք, քանի որ մեր քաղաքը համայն հայության հոգևոր կենտրոնն է և հենց դրանով պայմանավորված շատ այցելուներ ենք ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մենք պետք է քաղաքն այնպիսին դարձնենք, որպեսզի զբոսաշրջիկին գրավենք նաև այլ հետաքրքրություններով: Նախատեսում ենք փոխել շենքերի արտաքին տեսքերը, Էջմիածնին վերադարձնել գեղեցիկ պատմամշակութային տեսքը»,- նշեց Գասպարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի փողոցների ասֆալտապատումը նույնպես առաջնահերթ խնդիրներից է, քանի որ դեռևս առկա են անմխիթար վիճակում գտնվող փողոցներ:

Էջմիածնի քաղաքապետը շեշտեց, որ քաղաքը բավականին մաքուր է, սակայն աղբահանության համակարգը բարելավելու համար անհրաժեշտ են նոր աղբատար մեքենաներ և աղբամաններ: