Հայաստանի քրդերը Սիրիայում գերտերությունների ուշադրության պահանջով նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանին


Հայաստանի քրդերը Սիրիայում գերտերությունների ուշադրության պահանջով նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանին
Հոկտեմբեր 15 14:47 2019

Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է գերտերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Հայաստանի քրդական համայնքը, խնդրի վրա հրավիրելով նաև ԱՄՆ-ի ուշադրությունը, ԱՄՆ դեսպանին փոխանցեց նամակ, որում շարադրել են նաև իրենց հորդորը: 

 

 

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն անել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

 

Նա նշեց՝ թուրքական իշխանություններն այսօր որդեգրել են ողջ աշխարհի քրդերին վերացնելու քաղաքականություն, ուզում են քրդական հողերը վերցնել և այնտեղ տեղավորել 3 միլիոնից ավելի իսլամիստներին: «Դա հետագայում չարիք է դառնալու ամբողջ աշխարհի ժողովուրդների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դատապարտում ենք ԱՄՆ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք միջազգային հանրությանը, գերտերություններին: Դատապարտում ենք միջազգային հանրության խուլ ու համր ձևանալը, գերտերություններին՝ այդ թվում նաև ԱՄՆ-ին, որոնք քրդերին թողեցին մենակ՝ թուրքական թնդանոթների դեմ»,-ասաց Հասանովը:

 

«Քուրդստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:

 

Դրբոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նամակում շարադրել են իրենց պահանջները: «Նամակով մեր պահանջն է՝ փակել Թուրքիայի օդային ճանապարհները»,-ասաց նա ու հավելեց՝ դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի այդ քաղաքականության դեմ պայքարելու համար:

 

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին էին իրենց ազգակիցների նկարները, նրանք վանկարկում էին՝ «Էրդողան՝ մարդասպան»:

 

Հանարհավաքի մասնակիցներից Ասե Մամեյանը նշեց, որ հավաքվել են՝ փորձելով Թուրքիային հետ կանգնեցնել այդ ագրեսիվ քայլից: Մամեյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հետ պահել Թուրքիային։

 

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը: