ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները կարևորել են խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը


ՀՀ ԱԳ նախարարն ու ՄԽ համանախագահները կարևորել են խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը
Հոկտեմբեր 15 12:11 2019

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ մնացականյանը հոկտեմբերի 14-ին  ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկումներին և այդ հանդիպումից հետո արձանագրված զարգացումներին: Կարևորվել է խաղաղության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և այս համատեքստում սահմանում վերջին լարվածության նվազեցումը։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են խաղաղ կարգավորման գործընթացում կողմերի դիրքորոշումներին, և այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում պարտավորությունների համաչափության ապահովման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռանախագահության ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերի շուրջ:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ կունենան Արցախի և Ադրբեջանի իշխանությունների հետ: