Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին


Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Հոկտեմբեր 15 11:04 2019

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք–Մարաշում վնասազերծված  «Զինված խմբի» պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին դեմ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը։

Վարդանյանը զրպարտություն է համարում սեպտեմբերի 13–ին Շարմազանովի կողմից իր հասցեին արված գրառումը։

Նշենք, որ Արթուր Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումնից հետո Շարմազանովը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով. «Նիկոլի կառավարած Հայաստանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակում զինված խմբի պարագլխին։ Փաստորեն, Փաշինյանը գործարքի է գնում ահաբեկիչների հետ»։

Հայցը դատարան է մուտք եղել հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: