Օլիգարխների կանայք անտեսել են Աննա Հակոբյանի ասածները


Օլիգարխների կանայք անտեսել են Աննա Հակոբյանի ասածները
Հոկտեմբեր 14 21:14 2019

«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին որեւէ օլիգարխի կին թանկարժեք զարդեր չի նվիրաբերել: «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունից ArmDay.am-ը տեղեկացավ, որ հիմնադրամին փոխանցել են 3 մլն դրամից քիչ գումար:

2,4 մլն դրամ հիմնադրամին փոխանցել են Յրիկյանների ընտանիքը,  80 հազար դրամ Աստղիկ Սիմոնյանը,  30 հազար դրամ Արփի Թագոյանը, իսկ 4 հազար դրամ Համեստ Ներսիսյանը: Ի դեպ, նշենք, որ Համեստ Ներսիսյանն ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրն է:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ էր արել իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերից կապիտան Արմենակ Ուրֆանյանի մոր՝ Համեստ Ներսիսյանի բարեգործական հիմնադրամին: 

«Ուզում եմ այսօր այստեղից կոչ անել Հայաստանի բոլոր նախկին թե ներկա պաշտոնյաների, բոլոր օլիգարխների կանանց, ովքեր մի փոքր իսկ կասկած ունեն, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց ունեցվածքը: Կամ եթե մի փոքր անգամ կասկածում են այն արդար ճանապարհի վրա, որի շնորհիվ ձեռք են բերել այդ հարստությունը և թանկարժեք զարդերը, ուզում եմ նրանց կոչ անել, որ այդ զարդերը կամ ինչ-որ արժեքավոր այլ իրեր նվիրաբերեն տիկին Համեստի ֆոնդին: Կարծում եմ՝ կգտնվեն այդպիսի կանայք, ովքեր կգան այն եզրակացության, որ այն ունեցվածքը, որն իրենք ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման հանգամանքներում, այնքան էլ արդար քրտինքով վաստակած հարստություն չէ: Եվ նվիրաբերելով թեկուզ դրանց մի մասը տիկին Համեստի ֆոնդին՝ կարող են դրանից հետո մի փոքր ավելի հանգիստ գլուխները դնել բարձին»,- ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել էր վարչապետի տիկինը:

Փաստորեն, ստացվում է, որ մեկ տարի անց որեւէ մեծահարուստի տիկին ուշադրություն չի դարձրել վարչապետի տիկնոջ կոչին:



loading...