Ինչ վնասվածքներ է ստացել Արթուր Ալեքսանյանը. պատմում է նրա հայրը. armeniasputnik.am


Ինչ վնասվածքներ է ստացել Արթուր Ալեքսանյանը. պատմում է նրա հայրը. armeniasputnik.am
Սեպտեմբեր 26 11:24 2019

Արթուր Ալեքսանյանը դեռևս չի կարող շարունակել մարզումները։ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո մարզիկը բժշկական հետազոտություններ է անցել։

Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի վիրահատվի, բայց  բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսում հանգիստ մնալ, հետո նոր շարունակել մարզումները: Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրեց Արթուրի հայրը՝ անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

«Մրցաշրջանից վերադառանալուց հետո մենք գնացինք մասնագետների մոտ՝  ստուգումերի: Բուժզննումը ցույց է տվել, որ  Արթուրի 7-րդ և 8-րդ կողերի միացման կռճիկային հատվածները վնասվել են: Վիրահատական միջամտություն չի կատարվի, բայց պետք է 1 ամիս ու 10-օրյա հանգիստ վիճակ, որից հետո պարապմունքները կվերսկսվեն»,- նշեց Արթուրի հայրը:

Նա խոսեց նաև եզրափակիչ գոտեմարտին չմասնակցելու հոգեբանական բարդության մասին։

«Բոլորս էլ շատ ենք  ափսոսում, բայց եղել է այն, ինչ եղել է։ Ոչ մեկն ապահովված չէ վնասվածքից: Արթուրը երրորդ գոտեմարտի կեսից արդեն վնասվածք ուներ, իսկ դրանից հետո 2 գոտեմարտ ևս վնասվածքով շարունակեց, որի պատճառով վնասվածքը խորացել էր, իսկ վերջին գոտեմարտը շարունակելու դեպքում կարող էր էլ ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Կարևորը օլիմպիական խաղերի վարկանիշն էր, որն արդեն կա, իսկ հիմա մեր ամբողջ նպատակը օլիմպիական խաղերին նախապատրաստվելն է ու կորցրածը հետ բերելը»,- ասաց նա:

Նշենք, որ Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020թ․ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:

Նա կողոսկրի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին։

armeniasputnik.am