Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի հայտերի ընդունումը


Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի ստարտափ ծրագրի հայտերի ընդունումը
Սեպտեմբեր 18 19:40 2019

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ ստարտափ ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը  բարելավելու համար:

Ծրագիրը կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը: Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «Դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը:

Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ հայ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն:

Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:

Այս տարի «ՆերՈւժ»-ի թիրախային ոլորտներն են  ֆինանսական, սոցիալական, կառավարման, կրթական, շարժական, ինտերնետային, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, առողջապահությունը,  ռոբոտաշինությունը, ինժեներական արվեստը և այլն:

Ծրագրի գործընկերներն են FAST և IDeA հիմնադրամները, UWC Դիլիջան քոլեջը և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ: