Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն- թանգարանին վերաբերող հարցեր

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն- թանգարանին վերաբերող հարցեր
Սեպտեմբեր 18 18:58 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են, մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, և առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների  կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը և նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարևոր բաղադրիչ պետք է ներառված լինի նաև սեփական եկամուտների ավելացման և ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը:

loading...