Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է. պաշտպան


Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է. պաշտպան
Սեպտեմբեր 18 15:17 2019

Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իշխանությունը չարաշահելու համար առաջադրված մեղադրանքին:

Տիգրան Աթանեսյանը գրել է.

«Այսօր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով:

Վ. Գասպարյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց: Վ. Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է իր անվան հետ իր պաշտոնից ազատվելուց հետո:

Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում, համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է։

Գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրել է Հայոց պետականության կայացմանը, հավատարիմ է իր այդ նվիրումին նաև հիմա, իսկ ինչ վերաբերում է տեղի ունեցող քրեական գործընթացներին, ապա դրանք դիտարկում է երկրում տիրող իրավական նիհիլիզմի ընդհանուր համայնապատկերի մեջ»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՔԿ-ից հայտնել են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: 



loading...