Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր


Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Օգոստոս 24 19:47 2019

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:15-ին սահմաններում, Jeep Grand Cherokee մակնիշի 17 ԼՍ 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18 կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ձորից դուրս են բերել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները՝ հատուկ ճոպանների միջոցով, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ´ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրգործ: Ոսղտիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Հակոբ Կարապետյանի անվամբ: Ոստիկանությունն ու քննրական բաժինը պարզում են. ավտոմեքենան նրանն է, թե նա վաճառել է այլ անձի: