Տաթեւիկ Ռեւազյանի հերթական «վոյաժները»՝ Կանադա եւ Իսպանիա. Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա կատարում է հոբելյանական 15-րդ գործուղումը


Տաթեւիկ Ռեւազյանի հերթական «վոյաժները»՝ Կանադա եւ Իսպանիա. Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա կատարում է հոբելյանական 15-րդ գործուղումը
Օգոստոս 24 15:43 2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն առաջիկայում իր հերթական գործուղում-ճանապարհորդությունն է իրականացնելու: Նա սեպտեմբերի 23-29-ը մեկնելու է Կանադա (Մոնրեալ)՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ասամբլեայի 40-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:  Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է պաշտոնական բաց աղբյուրներից:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ աշխատանքային գործուղումների ժամանակ որպես մեկ օրվա օրապահիկը Կանադայի դեպքում տրվում է 104 ԱՄՆ դոլար, իսկ գիշերակացի մեկ օրվա համար 138 ԱՄՆ դոլար: Ընդհանուր գումարը կազմելու է 1700 ԱՄՆ դոլար: Նշենք, որ սա չի ներառում օդանավի տոմսերի արժեքը:

Ի դեպ, նշենք, որ Տաթեւիկ Ռեւազյանն այս օրերին էլ նոր է վերադարձել գործուղումից: Նա օգոստոսի 22-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր: Իսկ ահա կրկին նույն պաշտոնական բաց աղբյուրների համաձայն՝ քաղավիացիայի կոմիտեի նախագահը օգոստոսի 28-ից սեպտեմբերի մեկը գործուղվելու է Իսպանիայի Թագավորություն (Մալագա)՝ Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրենների 68-րդ արտահերթ ժողովին մասնակցելու նպատակով:

Տաթևիկ Ռևազյանն արդեն ղեկավարում է մեկ տարի: Մամուլը գրել էր, որ նա այս ընթացքում  շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի։