Պրոֆեսիոնալ խմբագրին փոխարինել է Մարիամ Փաշինյանը


Պրոֆեսիոնալ խմբագրին փոխարինել է Մարիամ Փաշինյանը
Օգոստոս 23 00:14 2019

Մի քանի օր է մամուլը եւ ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ Armtimes.com կայքի տարածած հայտարարությունը, որով լրատվամիջոցը աշխատանքի է հրավիրում խմբագրի: Նշենք, որ թերթի գլխավոր խմբագիրը շարունակում է լինել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: 

Այս օրերին մի քանի առաջատար լրատվամիջոցներ եւս տարբեր մասնագետների թափուր տեղի հայտարարություն են տարածել, բայց բոլորը քննարկում են ՀԺ-ի հայտարարությունը: Միայն այն բանի պատճառով, որ այն պատկանում է ՀՀ վարչապետի ընտանիքին:

Հայտարարությունը աչքի չէր ընկնի, եթե այն չտարածեր վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը: Նա հետաքրքիր ձեւակերպումներ է արել իր գրառման մեջ, որից հասկանում ենք, որ նա է խմբագրի թեկնածուների հետ հարցազրույցները վարելու կամ վարողներից մեկն է լինելու,  եւ ըստ էության ինքն է որոշելու, թե ով է զբաղեցնելու թափուր հաստիքը:

«Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների: Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»,- գրել է Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

ArmDay.am-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել այն մասին, թե ով է այս պահին իրականացնում խմբագրի պարտականությունները: Տեղեկացանք, որ խմբագրի պարտականությունները ՀԺ-ի լրագրողներից մեկի հետ իրականացնում է Մարիամ Փաշինյանը: Նա մասնակցում է ժողովներին, քննարկում լրագրողների հետ թեմաները: 

Անդրադառնալով ՀԺ-ի նախկին խմբագրի աշխատանքից ազատվելուն, մեզ փոխանցեցին, որ նա հեռացել է կոնֆլիկտի պատճառով: Հետաքրքիր է, որ այս տեղեկատվական պատերազմի ժամանակ, երբ ԶԼՄ-ների մեծ մասը օգտագործվում է իշխանություններին պախարակող հրապարակումներ տարածելով,  վարչապետի ընտանիքի լրատվամիջոցը հրաժարվել է փորձառու եւ պրոֆեսիոնալ խմբագրից: Հատկանաշական է նաեւ, որ ՀԺ-ի արդեն նախկին խմբագիրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է: