Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ. Ռոբերտ Քոչարյան


Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ. Ռոբերտ Քոչարյան
Հունիս 25 00:15 2019

5րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է իշխանափոխությունից հետո դարձել իշխանությունների թիվ մեկ թիրախը: Ըստ Քոչարյանի՝ բազմաշետ հարց է:

«Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008 թվի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»,-այսպես պատասխանեց նա:

Քոչարյանը շեշտեց, որ իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իր քաղաքականություն վերադառնալու համար: «Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար (նկատի ունի ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում ասել էր՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես ուրիշի-Tert.am),այդպիսի քայլերի է դիմում, ապա վիճակը Հայաստանում շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել»,- ասաց նա:

Ըստ Քոչարյանի՝ այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար: «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»,- նշեց նա:

Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունների համար կա նաև Արցախի հանգամանքը՝ իրեն հետապնդելու համար: «Քանի որ իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ցանկացել է Մեղրին հանձնել, նա ասաց. «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է  ընդունել, ինչ վիճակում է  հանձնել»,- ընդգծեց նա:



loading...