Մանկավարժական համալսարանի ուսանողներից 2-ի ինքնազգացողությունը վատացել է. բուհում գազի արտահոսք չի հայտնաբերվել


Մանկավարժական համալսարանի ուսանողներից 2-ի ինքնազգացողությունը վատացել է. բուհում գազի արտահոսք չի հայտնաբերվել
Հունիս 24 23:13 2019

Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի ետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբն ու Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի  խումբը:

Փրկարարների և համալսարանի անվտանգության աշխատակիցների ուժերով տարհանվել է 60 ուսանող և դասախոս։

Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: Ա.Մ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Քիմիկ-հետախույզները հատուկ սարքավորումներով (քիմիական գազաանալիզատոր) իրականացրել են տարածքի զննում․ վտանգավոր միացություններ չեն հայտնաբերվել։