Ինչո՞ւ չի բացահայտվում աղմկահարույց դեպքը․ ովքեր են հովանավորում «Բաղնիքի Արմանին»


Ինչո՞ւ չի բացահայտվում աղմկահարույց դեպքը․ ովքեր են հովանավորում «Բաղնիքի Արմանին»
Հունիս 24 16:42 2019

Նախորդ տարեվերջին Երեւանում արձանագրված աղմկոտ դեպքից  անցել է ամիսներ, սակայն արձակված կրակոցների գործը չի բացահայտվում։ Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է  «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանին պատկանող, Ռոստովյան փողոցում գտնվող բաղնիքում հնչած կրակոցների դեպքին։  Ինչպես մամուլի տեղեկություններով, այնպես էլ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն «Պոնտյո» մականունով Պետրոս Հարությունյանը, երկու եղբայրների՝ Հակոբի եւ Գեւորգի հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին մտել են «Բաղնիքի» աշխատասենյակ, վիճաբանել «Բաղնիքի Արմանի» եւ նրա հետ գտնվող երիտասարդի հետ, արձակել կրակոցներ:

Կրակոցների հետեւանքով հրազենային վնասվածքներ էին ստացել «Բաղնիքի Արմանն» ու երիտասարդը: Նույն ժամանակ ոմն Սաքուլիկ սուր գործիքով բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներ է պատճառել Պոնտյոյի եղբորը՝ Գեւորգ Հարությունյանին։

Շրջանառվող լուրերի համաձայն Սաքուլիկը Արման Ապիյանի որդու ընկերն է, իսկ միջադեպի ժամանակ բաղնիքում Հարությունյան եղբայրներին դիմավորել են ոչ միայն Արման Ապիյանն ու Սաքուլիկը, այլև բազմաթիվ այլ անձինք ևս։ Ընդ որում, շրջանառվող վարկածի համաձայն բաղնիքում կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ Գևորգ Հարությունյանն արդեն ստացել էր բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքները, որոնք նրա առողջությանը պատճառել են ծանր վնաս ու կյանքի համար վտանգ են ներկայացրել։ Հետաքրքրական է, սակայն, այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված ու կալանավորված է միայն Պետրոս Հարությունյանը, որը թեև առաջին ատյանի դատարանի որոշմամբ գրավով ազատ էր արձակվել, սակայն 2019թ. մայիսին դատախազության բողոքի արդյունքում կրկին կալանավորվեց վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Այս առումով հետաքրքրական են տեղեկությունները, որ գործով տուժողի կարգավիճակ ունեցող «Բաղնիքի Արմանը» տարբեր պետական մարմիններում ունի հովանավորներ։ Մասնավորապես նրա հորեղբոր որդին` Ավետիս Ապիյանը, մինչև վերջերս հանդիսանում էր այդ քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, ով մինչ օրս էլ ամուր կապեր ունի դատախազության հետ։ Արման Ապիյանը կապեր ունի նաև ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ։ Ավետիս Ապիյանի օրինական ու անօրինական կապերին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ ըստ էության ակնհայտ է դառնում, որ «Բաղնիքի Արմանի» այս կապերն են նպաստում նրան, որ մինչ օրս Գևորգ Հարությունյանին դանակահարած անձը չունի մեղադրյալի կարգավիճակ ու գտնվում է ազատության մեջ։ Իհարկե չի բացառվում, որ  գործ ունենք քննչական մարմնի փնթի աշխատանքի հետ։  Բայց քանի դեռ գործը բացահայտված չէ, քննչական մարմինը չի կարող կատարվածի ամբողջական պատկերն ունենալ ու մասնակիցների գործողությունները ճիշտ գնահատել։ Ինչևէ, հատկապես նմանատիպ գործերի ընթացքն է ի ցույց դնելու, թե արդյոք Հայաստանում որևէ բան փոխվել է, թե կրկին շատ մեղադրյալներ դառնալու են տուժող, իսկ տուժողները՝ մեղադրյալ։