Մահվան ելքով վրաերթի ենթարկած Nissan-ի 25-ամյա վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել


Մահվան ելքով վրաերթի ենթարկած Nissan-ի 25-ամյա վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել
Հունիս 24 16:30 2019

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության բնակիչ, Երևան քաղաքի Բրյուսովի փողոցում բնակվող 25-ամյա Իլոնա Դանիելյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրություն՝ բնակության վայրից չհեռանալը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախաքննությամբ պարզվել է, որ հետիոտնը՝ Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Գարեգին Նալբանդյանը, փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով չկարգավորվող հետիոտնի անցման գծանշանի վրայով, և այդ ժամանակ Ի. Դանիելյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Նալբանդյանին, ով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել էր։