Այդ երեքն իմ թուլությունն է. Է. Շարմազանով


Այդ երեքն իմ թուլությունն է. Է. Շարմազանով
Մարտ 21 20:56 2019

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։

Ընթերցանության, նախընտրած գրողների ու ստեղծագործությունների մասին Armday.am-ը զրուցել է Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի  հետ:

-Ընթերցասե՞ր եք,  որքա՞ն հաճախ եք ժամանակ տրամադրում  ընթերցանությանը:

-Այո, ընթերցասեր եմ, ես իմ օրն առանց ընթերցանության չեմ պատկերացնում: Հիմնականում քնելուց առաջ  եմ կարդում: 

-Այս պահին ի՞նչ եք ընթերցում:

-Այս պահին  ընթերցում եմ  Էդվարդ Նալբանդյանի հեղինակած գիրքը: Բավականին հաստ աշխատություն է, հետաքրքիր հարցազրույցներ, մեկնաբանություններ կան,և ,առհասարակ, տաս տարվա հայկական դիվանագիտության ձեռքբերումների, մարտահրավերների վերաբերյալ աշխատություն է:

-Վերջին գիրքը, որ ընթերցել եք:

-Ես միաժամանակ մի քանի գիրք եմ  կարդում: Աշխատանքային սեղանիս այժմ դրված է Նալբանդյանի  գիրքը և մասնագիտական գրքեր: Ես դասախոսում եմ համալսարանում և այժմ միջանկյալ քննություններ են, որի հետ կապված մասնագիտական գրքեր եմ կարդում նաև: Այս շրջանում ինձ հետաքրքրում  են նաև այն մարդիկ, ովքեր փոխել են աշխարհը: Խորապես ուսումնասիրում եմ Անաստաս Միկոյանին, մարդ ում հաջողվել է կանխել  Երրորդ աշխարհամարտը:

-Գիրք, որ միշտ Ձեզ հետ է:

-Աստվածաշունչը չհաշված՝ սեղանիս միշտ դրված է Գարեգին Նժդեհի «Հատընտիր»-ը և   Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը:

-Ի՞նչ գիրք պետք է կարդա քաղաքական գործիչը:

-Վերջերս սկսել եմ կարդալ նաև Շահան Նաթալի «Թուրքերը և մենք» դասական աշխատությունը, որը քաղաքական գործիչը պետք է իմանա: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը կարդա:

-Ձեր սիրած գրողն ու ստեղծագործությունը:

-Սիրելի գրողներ շատ ունեմ. Կա Մեծարենց, կա Տերյան,  բայց Թումանյանն է անհաս Արարատը  մեր նոր քերթության: Կա Թումանյան, ով գագաթն է հայկական պոեզիայի,  բայց եթե մի գիրք  պիտի ինձ հետ վերցնեմ,  որ գնամ լուսին, կամ ինչ-որ մի տեղ, բարդ է, բայց այս պահին սիրտս  Չարենց ուզեց. «Ես իմ անուշ Հայաստանի». «գժանոց է»:

Այս շրջանում ինձ համար բացահայտել եմ, որ իմն է Համո Սահյանը, ով ահավոր հողեղեն, իսկական ու մեծ է: Ռուսական պոեզիայից Եսենինի երկրպագու լինելը քիչ է ասված:

-Կարո՞ղ ենք համարել , որ ընթերցանությունը Ձեր «թուլությունն» է:

-Այո, երաժշտությունը, գրականությունն ու սպորտը լավ իմաստով իմ թուլություններն են:

-Ի՞նչ խորհուրդ կտաք կարդալ: 

-Տարբեր տարիքում տարբեր գրքեր կարելի է խորհուրդ տալ  կարդալ: Փոքրերը թող հեքիաթներ կարդան, քաղաքական գործիչները՝  Դանթե, Դոստոյևսկի, Տոլստոյ, Հրանթ Մաթևոսյան, և այլն: Ինչքան էլ կարդանք ամբողջը չենք հասցնելու կարդալ: Կարևորը՝ ինչ էլ կարդանք հուս, հավատ ու սեր արթնացնի, այլ ոչ թե՝ նախանձ , չարություն և ատելություն:

-Գի՞րք,թե՞ ընթերցելու այլ տարբերակ եք նախընտրում:

-Հնարավորությունները շատ են. համացանց և այլն, սակայն ես կարդում եմ գրքից, ու նաև  նոթատետր եմ պահում ու գրառումներ կատարեմ: