Հայաստանում, մասնավորապես, Երևանում, իրավիճակ չի փոխվել: Պաշտոնյաների վարորդներն ու նրանց սպասարկող անձնակազմը շարունակում են իրենց ղեկավարների շողքի ներքո իրենց կայացած ու անպարտելի զգալ:
Արցախի պողոտայում երեկ առավոտյան Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ծառայողական մեքենան կտրուկ դուրս է եկել այլ մեքենայի դեմ հանդիման: Վարորդը պահանջել է զիջել ճանապարհը:
Այս մասին Armday.am–ին հայտնեց քաղաքացիներից մեկը, ով նշեց, որ նախարարը մեքենայի մեջ չի գտնվել:
«Շատ քիչ էր մնում, որ մեր մեքենան հայտնվեր նախարարի մեքենայի մեջ: Կտրեցին մեր ճանապարհն ու ասացին, որ մենք պետք է զիջենք ճանապարհը: Լուսամուտն իջեցրին ու լկտի ձևով սկսեցին պահել իրենց՝ասելով՝ մեզ չեք ճանաչո՞ւմ, չեք տեսնո՛ւմ,թե ում մեքենան է: Կտրուկ արգելակելու պատճառով, կողքիս նստած անձը հազիվ կարողացավ գլուխը պահել և չխփել դիմապակուն: Շատ էր վախեցել, ուժեղ սթրես ունեցավ»,-ասաց քաղաքացին, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Պարոնա՛յք, անկախ նրանից, թե ով եք, և որ նախարարին կամ մեկ այլ պաշտոնյայի եք սպասարկում, հիշեք, որ երթևեկության կանոնները պետք է պահպանել, հակառակ դեպքում ՝հետևանքները կարող են լինել ողբերգական:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո, շատերը հաճելիորեն զարմացած էին, որ որոշ պաշտոնյաներ, ոտքով կամ մետրոյով էին աշխատանքի հաճախում, ոմանք հրաժարվեցին ծառայողական մեքենայից, վարչապետին ուղեկցող մեքենան կանգ առավ կարմիր լույսի տակ,սակայն այդ ամենը, կարծես թե, ժամանակավոր տպավորություն գործելու համար էր, որի ապացույցը նաև նախօրեին տեղի ունեցած միջադեպն է, մինչդեռ նոր Հայաստանին խոստացել էին, որ նրա քաղաքացին պետք է լինի հպարտ ու ձեռք մեկնող իր ժողովրդին: