Ուշագրավ շարժեր խոշոր հարկ վճարողների ցանկում. «Ալեքս Հոլդինգը» 25 տոկոսով պակաս հարկ է վճարել


Ուշագրավ շարժեր խոշոր հարկ վճարողների ցանկում. «Ալեքս Հոլդինգը» 25 տոկոսով պակաս հարկ է վճարել
Փետրվար 16 16:53 2019

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները, որտեղ ուշագրավ ու հետաքրքիր տեղարաշարժեր են եղել նախորդ տարվա համեմատ:

Նախ, փոխվել է առաջատարը. երկար տարիներ առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը եւ հանգրվանել ընդամենը երրորդ հորիզոնականում: 2018-ին այս ընկերությունը վճարել է շուրջ 40 մլրդ դրամի հարկեր, այն շատ մեծ փոփոխություն չի կրել նախորդ տարվա ցուցանիշից (մի փոքր նվազել է):

 

Երկրորդ հորիզոնականում  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը 2017-ին (5-րդ հորիզոնական) վճարել էր ընդամենը 18,7 մլրդ դրամի հարկ, այսինքն հարկերը կրկնակիից ավելի աճել են:

Խոշոր հարկ վճարողների ցանկում 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է հեղուկ վառելանյութի շուկայում գործող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որը վճարել է 18,4 մլրդ դրամի հարկ՝ 2017-ի համեմատ իր հարկերն ավելացնելով 5,8 մլրդ դրամով:

5-րդ հորիզոնականում է «Գոեպրոմայնինգ Գոլդ»-ը, որը վճարել է 16,8 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ հարկերն ավելացել են 3,4 մլրդ դրամով:

Իսկ հիմա այս ցանկի ամենաուշագրավ ցուցանիշը. Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը. Այսպես, եթե 2017 թվականին նա վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 4-րդ հորիզոնականը, ապա 2018-ին ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ (6-րդ հորիզոնական): Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։ Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն սկանդալային բացահայտում էր արել, որ մեծածախ առևտրային ցանցերում՝ սուպերմարկետներում որոշակի սխեմաներով թաքցրել էին հարկային պարտավորությունները: Դրանից հետո տրամաբանական կլիներ, որ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը ստիպված լիներ  ավելի շատ հարկ վճարել, բայց տեղի է ունեցել հակառակը: Ու չկա որեւէ տեղեկատվություն, որ Սամվել Ալեքսանյանը որեւէ շուկայում կորցրել է իր դիրքերը:

Նկատենք, որ բազմաթիվ ընկերությունները ավելացրել են հարկային մուտքերը:

Խոշոր հարկ վճարողների ցանկում 7-րդ հորիզոնականը զվաղեցրել է «JTI Արմենիա» ընկերությունն է, որը եւս ավելացրել է հարկային մուտքերը: Եթե 2017-ին վճարել է 12 մլրդ դրամ (9-րդ հորիզոնական), ապա 2018-ին շուրջ 14 մլրդ:

Ցանկի 8-րդ հորիզոնականում «Ֆիլի Մորիս Արմենիան» է, որը 2018-ին վճարել է 13,6 մլրդ դրամի հարկ (2017-ին վճարել է 11,6 մլրդ եւ զբաղեցրել 10-րդե հորիզոնականը):

9-րդ հորիզոնականում է «Ինթերնեշնլ Մասիս Տաբակ»-ն է, որը 2018-ին վճարել է 13,1 մլրդ դրամի հարկ, 2017-ի համեմատ շատ մեծ փոփոխություն չի կրել:

Եվ վերջապես առաջին տասնյակն եզրափակում է «Ֆլեշ»-ը, որը 2018-ին վճարել է 12,25 մլրդ դրամ, 2017-ի համեմատ հարկային մուտքերը նվազել են մոտ 200 մլն դրամով:

Հատկանշական է, որ կտրուկ անկում է գրանցել նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցերը». եթե 2017-ին այս ընկերությունը 22 մլրդ դրամի հարկ եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը, ապա արդեն 2018-ին հարկերը կազմել են 12 մլրդ դրամ՝ գրեթե կրկնակի նվազելով:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, 10 խորո հարկատուների կողմից 2018 թվականին վճարվել է 227,6 մլրդ դրամ, ինքը 2017-ին համանման ցուցանիշից (198.8 մլրդ) ավել է 14,5 տոկոսով:

Ինչ վերաբերում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալին, ապա 2018-ին դա կազմել է 926,7 մլրդ դրամ։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 807.4 մլրդ դրամ: Այսինքն հարկային պարտավորություններն ավելացել են 119,3 մլրդ դրամով կամ 14,8 տոկոսով:

Նկատենք, որ 2017-ին հարկային մուտքերի աճը 2016-ի համեմատը կազմել էր 12,7 տոկոս: