Կասկածներ կան, որ արտաքին միջամտություն է եղել ինչ-որ մեկի շահերն առաջ տանելու մասով. ԱՆ-ն՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կալանք դնելու մասին


Կասկածներ կան, որ արտաքին միջամտություն է եղել ինչ-որ մեկի շահերն առաջ տանելու մասով. ԱՆ-ն՝  «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կալանք  դնելու մասին
Փետրվար 16 15:29 2019

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահել է «Զառշեն» ընկերությունը, որն անցյալում կահույքի բիզնեսով է զբաղվել։ Չնայած այն բանին, որ ԲԿ -ի տնօրենն ասել էր, որ ամեն ինչ կատարվել է  օրինական ձևով՝ «Զառշենը» հաղթել է մրցույթը ֆիլտրերի գծով, տեղեկություններ կան, որ իրավապահներն այս մրցույթի կազմակերպման մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերել և կասեցրել գործընթացը՝ պայմանագրի կնքման վրա արգելանք են դրել։ 

ArmDay.am-ի հետ զրույցում  ՀՀ առողջապահության նախարարությունից  հաստատեցին լուրը.«Իրավապահ մարմինները ուսումնասիրություն են կատարում մի գնման գործընթացի շուրջ, ինչի շրջանակներում կասկածներ կան, որ արտաքին միջամտություն է եղել ինչ-որ մեկի շահերն առաջ տանելու մասով»,-ասաց ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Խոսնակը նշեց, որ  այլ մանրամասների չի տիրապետում, և  նախարարությունը որպես կողմ հանդես չի գալիս  նշված գործընթացներում:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունը,պարբերաբար, խախտումներ է հայտնաբերում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որոնք մասնավորապես կապված են բուժում չստացած հիվանդների համար պետությունից գումարներ գանձելուն: