«Գլխից է պետք բռնել… մեծերի»․ Հայաստանի ինտերնետի սեփականատերերը


«Գլխից է պետք բռնել… մեծերի»․ Հայաստանի ինտերնետի սեփականատերերը
Փետրվար 16 14:50 2019

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատճառը ոլորտներն են, որոնց ստվերային գոյությունը չի էլ նկատվում: Այս մասին, փետրվարի 12-ին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%, դա երևի շատ մոտ է իրականությանը: Այսօր Հայաստանում ոլորտներ կան, որոնք բոլորիս աչքի առաջ գործում են, և մենք չենք նկատում, որ այդ ստվերային ոլորտները գոյություն ունեն: Հայաստանում կա կաբելային հեռուստատեսություն հասկացություն, որ մարդիկ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում, ու ամեն ամիս գալիս, 5 հազար դրամ վերցնում: Սրանք տասնյակ միլիարդներով դրամներ են, և ես ՊԵԿ-ին հանձնարարել եմ շատ արագ բացահայտել այդ համակարգը. կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի ընդհանրապես»,- ասել էր  Փաշինյանը:

 

Այն, որ բիզնեսը պետք է դուրս բերել ստվերից եւ տեղափոխել հարկային դաշտ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բայց արդյո՞ք գործադիրի սլաքները ճիշտ ուղղությամբ են տարվում։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ակնկարկում է այն մասին, որ կաբելային հեռուստատեսության ոլորտում գործող փոքր ու միջին ընկերություններն են հիմնականում գործում ստվերում։ Ունի՞ արդյոք կառավարությունը հիշատակվածի վերաբերյալ փաստեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղում է արել օդում առկախված լուրերին։ Նկատենք, որ հարկային պարտավորություններից խուսափելու պրակտիկան հարիր է եղել հատկապես խոշոր ընկերություններին։ Խաղի այս կանոնը սահմանվել է նախկինների կողմից։

 

«Նոր» Հայաստանում ՓՄՁ-ների համար դժվարություններ չստեղծելու, հարկային «տեռորի» չենթարկելու մասին հայտարարություններ եղան գործող իշխանությունների կողմից։ Հիմա, սակայն հերթական անգամ խոշորները դուրս են մնում հարկային մարմինների խոշորացույցների տակով անցնելու հին ու արատավոր ավանդույթից։

 

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը հիմնականում տնօրինում են օտարերկրյա ընկերությունները: Դրանք միջազգային հոլդինգներ են, այլ երկրների կառավարությունների հիմնած ընկերություններ, ինչպես նաեւ օֆշորային տարբեր գոտիներում գրանցված ընկերություններ: Դրանց մեջ, ինչպես Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում, գերակշռողը ռուսական ընկերություններն են:

 

Հեռահաղորդակցության ոլորտում բաժնեմաս ունեն հայաստանցի նախկին և ներկա պաշտոնյաները և նրանց հարազատները, որոնք  փորձել են թաքնվել օֆշորային ընկերությունների հետնաբեմերում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալների համաձայն  Հայաստանում ըստ սպառված ծավալների մեծության  և բաժանորդների քանակի ինտերնետ մատակարարող խոշոր ընկերություններն են՝  «Արմենտել» ՓԲԸ,  «Յուքոմ» ՍՊԸ,  «Ջի Էն Սի-Ալֆա» ՓԲԸ, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ,  «Վեբ» ՍՊԸ, «Արանեա» ՍՊԸ, «Ինտերակտիվ Թիվի» ՍՊԸ, «Արփինետ» ՍՊԸ, «Մայլան» ՍՊԸ:

 

«Յուքոմ»  ընկերությունը կապում են ՀՀ ֆինանսների  նախկին նախարար, նախկինում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ։ Վերջինս իհարկե պարբերաբար հերքել է իր կապը ընկերության հետ։ Ի դեպ այսօր մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ Գագիկ Խաչատրյանը կանչվել է ԱԱԾ։ Գործող իշխանություններին չէր խանգարի Խաչատրյանին՝ օֆշորային գոտիներում գրանցված մի շարք ընկերությունների, այդ թվում եւ «Յուքոմ» -ի վերաբերյալ հարցադրումներ ուղղեին Խաչատրյանին։

 

Առհասարակ տնտեսության զարգացման շարժիչ ուժը ՓՄՁ-ներն են։ Կոտրել՝ ՓՄՁ-ների մեջքը նշանակում է ջուր լցնել խոշորների ջրաղացին։  Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին թերեւս չէր խանգարի հիշել Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը՝ «գլխից է պետք բռնել… մեծերի»:  Այս միտքն իհարկե նախկինները կյանքի չկոչեցին, իսկ ի՞նչն է խանգարում նորերին անել դա։ Չնայած, չի բառացվում, որ հեռահաղորդակցման ոլորտում խոշորների շարքին դասվում են անձինք, ովքեր եւ հին եւ նոր Հայաստանում անձեռնամխելի են, պարզապես տվյալ ընկերության ճակատից դրոշ կախված չկա, ասենք, օրինակ Վատիկանինը։



loading...