Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստ են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը


Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը պատրաստ են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը
Փետրվար 16 12:04 2019

 Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու հայ-բրիտանական օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը պետնախարար Դանքնին ներկայացրել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները և ընդգծել Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ այդ առումով արժևորելով Միացյալ Թագավորության կողմից տրամադրվող շարունակական աջակցությունը: Անդրադառնալով կառավարության առաջնահերթություններին՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի զարգացման օրակարգի գերակայություններն են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության խթանումը, նորարարության, ստեղծագործ կրթության ոլորտները՝ համոզմունք հայտնելով, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերը կբացեն համագործակցության նոր հեռանկարներ:

Զոհրաբ Մնացականյանը և Ալեն Դանքնը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: