Երբեք չէի ամուսնանա այնպիսի մարդու հետ, ով կփորձեր անհիմն սահմանափակել իմ իրավունքը. Ն. Մանուկյան


Երբեք չէի ամուսնանա այնպիսի մարդու հետ, ով կփորձեր անհիմն սահմանափակել իմ իրավունքը. Ն. Մանուկյան
Դեկտեմբեր 10 22:21 2018

Դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ի հոկտեմբերի 21-ին:

Թե մարդու որ իրավունքներն են խախտված Հայաստանում և որոնք  են ժամանակի ընթացքում բարելավվել, ArmDay.am-ը զրուցել է  «Հայ մայրեր» ՀԿ հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանի հետ: 

-Ի՞նչ եք կարծում, մարդու ո՞ր իրավունքներն են խախտված Հայաստանում:

-Այս պահին, կարծում եմ, Հայաստանում ամենաշատը թերագնահատվում և  խախտվում են կանանց իրավունքները, հատկապես, նրանց, ովքեր բնակվում են մարզերում: Դա շատ ցավալի է ինձ համար: Ինքնակրթությամբ զբաղվելը,ինչ-որ մի բանի հասնելը շատերի կողմից դիտարկվում է որպես ինքնագործունեություն, ոչ պատվաբեր: Եվ փախանակ կանայք պայքարեն դրա դեմ ու ինչ-որ բանի հասնեն, որպեսզի կարողանան  հակառակն ապացուցել,տրվում են այդ հոսանքին, ու թույլ տալիս, որ սեփական ընտանիքում ոտնահարվեն իրենց իրավունքները: Եթե հենց ընտանիքում է ոտնահարվում կնոջ իրավունքը,էլ ինչո՞ւ ենք մեղադրում հասարակությանը այդ հարցում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր չգիտեն՝ ինչպես պաշտանել իրենց իրավունքները:

-Պետք է կրթվել, ինքնակրթվել, տեր կանգնել իրավունքներին:Կրթված մարդու իրավունքները ոտնահարելը պրակտիկորեն անհնար է:

-Դուք ամեն  օր շփվում  եք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ  ու բախվում շատ խնդիրների: Նրանց իրավունքների պաշտպանված լինելու մասին ի՞նչ կասեք:

-Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները բավականին շատ են խախտվում: Եթե չկան համապատասխան մանկապարտեզներ, դպրոցներ, ԲՈւՀեր, ուրեմն՝ արդեն խախտված է նրանց իրավունքը,քանի որ մանկապարտեզում, դպրոցում ու ԲՈւհում և հետո արդեն աշխատավայրում են նրանք ներառվում ինտեգրվում հասարակությանը: Եթե պետությունը բացի իր դռները մանկապարտեզից մինչև գործատեղ, հասարակությունը չի կարող չընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ  մենք ամեն րոպե կտեսնենք մեր շուրջը մարդկանց, ովքեր մեզանից տարբեր են:

-Ի"նչ փոփոխություններ եք նկատել վերջին հինգ տարվա ընթացքում,առաջընթաց կա՞ մարդու իրավունքների պաշտխապանության հարցում:

-Իհարկե, փոփոխությոն կա դեպի լավը, բայց այնքան քիչ է, որ չենք կարող երկիրը համարել մարդակենտրոն երկիր և համարել, որ Հայաստում խախտված չէ մարդու իրավունքը: Ցավոք, այդ փոփոխությունները չեն արվում մարդկանց համար, անում են այսպես ասած, այնքանով, որքանով...

Կրթության իրավունքը, քիչ թե շատ, բարելավվում է: Դպրոցներում այլևս չեն կարողանա մերժել հաշմանդամություն ունեցողների մուտքը: Սակայն այս հարցով ես մի փոքր խնդիր եմ տեսնում, քանի որ  երբեմն բնականոն հունը ավելի նորմալ է, քան հավասարեցնելը: Շատ ծանր խնդրով երեխան, երբ մտնում է դպրոց, հասարակության վատ վերաբերմունքից բացի ուրիշ բան չենք ստանա:  Պետք է միշտ հաշվի առնել, թե ինչի համար ենք պայքարում,նրբություններ շատ կան:

-Ձեր ո՞ր իրավունքն է երբևէ խախտվել:

-իմ ոչ մի իրավունքը չեն խախտել: Ես մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ իմ ձայնը լսելի է եղել: Ես կարողացել եմ իմ խնդիրները բարձրաձայնել խոսել, քննարկել: Նույնը ես հետագայում պահանջել եմ դպրոցում, ԲՈւՀ-ում, ընտանիքում: Ես ամուսնացել եմ այնպիսի մարդու հետ, որը երբևէ չի փորձել բռնանալ իմ իրավունքներին: Ես երբեք չէի ամուսնանա այնպիսի մարդու հետ, ով կփորձեր անհիմն սահմանափակել իմ իրավունքը: Ի վերջո, խոսքը նորմալ պահվածքի, տրամաբանության, բարոյականության սահմանների մասին է:

-Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր խտրականություններ են դնում, խախտում  են հաշմանդամություն ունեցողների իրավունքները, ճնշում կանանց,խախտում նրանց իրավունքները:

-Ուզում եմ շեշտել ու հիշեցնել, որ ոչ-ոք ապահովագրված չէ նման խնդիրներ ունենալուց: Ինչ վերաբերում է կանանց իրավունքների խախտմանը, ապա ասեմ, որ դա ես տգիտություն եմ համարում: