Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առիթով


Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել դեկտեմբերի 10-ի տոների առիթով
Դեկտեմբեր 10 20:16 2018

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա, ԱՀ անկախության հանրաքվեի 27-րդ և ԱՀ Սահմանադրության 12-րդ տարեդարձերի առթիվ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՄԻՊ աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Խորհրդանշականորեն Արցախում կա երկու եռատոն՝ մայիսի 9-ը և դեկտեմբերի 10-ը: Եթե առաջինը նվիրված է ռազմական հաղթանակներին (Հայրենական պատերազմի հաղթանակ, Շուշիի ազատագրում և ՊԲ հիմնում), ապա երկրորդը՝ իրավական հաղթանակներին (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունում, ԱՀ անկախության հանրաքվեի անցկացում և ԱՀ Սահմանադրության ընդունում): Ուստի, շնորհավոր բոլորիս եռատոնը, թո՛ղ հաղթանակները հայության կյանքից անպակաս լինեն: Կիսատ կլինեին մեր ռազմական փառահեղ հաղթանակները, եթե մեզ չհաջողվեր այլ ոլորտներում ևս հաղթանակներ կռել:

 

Ռազմի դաշտում մեր հայրերի և եղբայրների թափած արյունը նպատակ ուներ սեփական հայրենիքում կերտել արժանապատիվ և ապահով կյանք բոլորիս համար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է չմոռանալ իրենց պատգամը և անընդհատ բարձրացնել ու ամրացնել նրանց արյան վրա վեր խոյացող որմը: Մարդու իրավունքների պաշտպանության մշակույթը այդ արժանապատիվ ու ապահով կյանքի կարևորագույն հենասյուներից մեկն է, և պետության ու յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է երաշխավորել մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր հարգանքը մեր հասարակության մեջ:

 

Այդ ճանապարհին մեր լավագույն ուղենիշերից մեկը հենց Սահմանադրությունն է՝ որպես մարդու իրավունքների ու ազատությունների գլխավոր իրավական երաշխիք: Իսկ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան, վերահաստատում եմ իմ հանձնառությունը հնարավորինս զորավիգ լինել մեր հայրենիքում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մշակույթի ապահովման գործին: Դա իմ և՛ մարդկային, և՛ քաղաքացիական, և՛ աշխատանքային պարտականությունն է... Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս եռատոնը. տևական բերկրանք, ամրություն ու արժանապատվություն յուրաքանչյուրիդ ընտանիքին»:



loading...