Բացթողումներ, որոնց պատճառով ընտրատեղմասերում խնդիրներ ու վեճեր են առաջանում


Բացթողումներ, որոնց պատճառով ընտրատեղմասերում խնդիրներ ու վեճեր են առաջանում
Դեկտեմբեր 10 17:44 2018

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին կայացան Աժ արտահերթ ընտրությունները, որոնք, կարելի է ասել, անցան առանց ընտրակեղծիքների:  

Լրագրողներն ու դիտորդները, ի տարբերություն մինչև հեղափոխությունը տեղի ունեցած ընտրությունների, այս անգամ բռնության ու ճնշումների չենթարկվեցին: Սակայն կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր ժամանակների ընտրությունների համար: Այս մասին վկայում են նաև սոցիալական ցանցերում լրագրողների ու դիտորդների կատարած գրառումները:

Ընտրական օրենսգրքում կան բացեր,որոնց պատճառով ողջ ընտրական գործընացի ընթացքում թյուրիմացություններ են լինում, վեճեր ու փախադարձ վիրավորանքներ են հնչում հանձնաժողովի անդամերի, լրագրողների ու դիտորդների հասցեին:

Հանձնաժողովի անդամները մի բան են ասում, դիտորդները մեկ այլ, լրագրողներն ու մյուսները՝ այլ: Կարծիքների բաժանում է տեղի ունենում, մինչդեռ պետք է օրենքը հստակ լինի:

Երբ հերթը հասնում է քվեաթերթիկների վավեր կամ անվավեր լինելու հարցին, սկսվում է իսկական իրարանցումը:

Օրինակ. եթե քվեաթերթիկի սկզբնական երեսին որևէ տեսակի նշում է արված, ապա այն անվավեր է համարվում: Այդպես նաև տպագրված է քվեաթերթիկի վերևի հատվածում: Չնայած այս փաստին, հանձնաժողովի անդամները պնդել են, որ դասընթացի ժամանակ նրանց զգուշացրել են, որ նշում լինելու դեպքում այն անցողիկ է, մանավանդ, եթե այն V-ի տեսքով է: 

Կամ, եթե քվեաթերթիկի ռեյտինգային երեսը անվավեր է, քվեաթերթիկն ամբողջությամբ անվավե՞ր է, թե կուսակցությանը մասով անցողիկ է համարվում:

Բանն այն է, որ խորհրդատվություն ապահովող իրավաբանների կարծիքը ևս չի համապատասխանում, որի պատՃառով ընտրատեղամասերում սկսվում է լարվել մթնոլորտը:

Հարկ է անդրադառնալ նաև այն հարցին, որ այս կամ այն խնդիրը հանձնաժողովի անդամների քվեարկությամբ  է որոշվում: Սա ևս պետք է  վերացնել և հստակ շարժվել օրենքի կանոններով:

Բացի բերված օրինակները, նշենք, նաև, որ հանձնաժողովի անդամներից շատերը չգիտեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին: Հաճախ, խուճապի են մատնվում թեթևակի խնդրի  առաջացման դեպքում, մանավանդ, արդյունքների ամփոփման, գրանցամատյանների լրացման հարցում:

Տպավորություն է ստեղծվում, որ նրանք, ոչ մի դասընթացի չեն մասնակցում և հույսները դնում են այն թռուցիկների ու պաստառների վրա, որոնք ուղղորդում են քայլերը:

Օրինակ, պետք չէ տեխնիկայից հեռու մարդկանց նշանակել որպես  մատնահետքը ֆիքսող սարքի պատասխանատու, գրաճանաչության պակաս ունեցող մարդկանց նշանակել քարտուղար, և վերջապես նախագահ նշանակել նրանց, ովքեր  տեղյակ չեն ո՛չ իրենց, ո՛չ էլ մյուս անդամների լիազորություններից, որի արդյունքում շատ հարցեր լուծվում են դիտորդի կամ մեկ այլ կողմնակի անձանց արտահայտած կարծիքով:

Ընտրությունները չեն կարող «լիարժեք արդար» համարվել, քանի դեռ այս թերությունները վերացված չեն, քանի որ ցանկացած ընտրատեղմասում մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելու դեպքում, պատկերը եթե ոչ կտրուկ, ապա որոշակիորեն կփոխվի:

Հուսանք, հաջորդ ընտրությունների ժամանակ, այս  բացթողումները կշտկվեն և ընտրական գործընթացը կանցնի լիարժեք օրենքի սահմաններում, ոչ թե հանձնաժողովի անդամների հայեցողությամբ:

 



loading...