ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ազատ ու արդար է գնահատել խորհրդարանական ընտրությունները՝ առանց «քվեների առքուվաճառքի»


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ազատ ու արդար է գնահատել խորհրդարանական ընտրությունները՝ առանց «քվեների առքուվաճառքի»
Դեկտեմբեր 10 17:25 2018

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունները անցել են ազատ ու արդար պայմաններում, կրել են ժողովրդի լայն վստահությունը։ Այսօր նման գնահատական է հնչեցրել միջազգային դիտորդական խմբի անդամբ, ԵԱՀԿ հատուկ համակարգող Պիթր Օսուսկին։

 

Նրա խոսքով՝ մինչև ընտրությունների գործընթացը տեղի են ունեցել քաղաքական լայն բանավեճեր, բայց որոշակի անհանգստացրել է կուսակցությունների ֆինանսավորման կարգը, որը ստեղծել է անհավասար պայմաններ։

 

Դիտորդը նաև նկատեց, որ Հայաստանում «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև կայանա մեծ մրցակցություն։

«Հայաստանի այսօրվա ղեկավարությունը արտահայտել է կամք՝ անցկացնել ընտրություններ ազատ պայմաններում, չխրախուսել քվեների առքուաճառքը։ Այս ընտրությունները Հայաստանին բերել են կորով և էներգիա», - հայտարարեց Օսուսկին:

 

Նա ասաց, որ առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացնում Հայաստանում։ Նշեց, թե շատ է լսել, որ ազատ ընտրություններ անցկացնելու հույս չկա։ Բայց այժմ նա այլ կարծիքի է. «Փառք Աստծո, Հայաստանում այդ հույսը կա»:

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Ուրսուլա Հացեկի գնահատմամբ՝ հանրության մեծ մասը պաշտպանել է իշխանություններին, և նման վստահությունը խիստ պարտավորեցնող է, և նրանք պետք է կարողանան բավարարել ժողովրդի պահանջները։

 

«Այս ընտրությունների ժամանակ չեն եղել հետապնդումներ և թեկնածուների, և ընտրողների նկատմամբ։ Հայաստանը մինչև այսօր նման ընտրություններ չի ունեցել», - հայտարարեց Հացեկը։

 

Ի պատասխան այն հարցի, որ խորհրդարան չանցած ընդդիմությունը հայտարարում է, թե եղել են սպառնալիքներ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Հացեկը արձագանքեց. «Մենք ամենասկզբից սկսել ենք դիտարկել այս քարոզարշավը, մեր քննարկումների ժամանակ մեզ այցելել են տարբեր խմբեր, ասել այդ մասին, և մենք պահանջել ենք ապացույցներ։ Իհարկե, եղել են վատ ճառեր, թշնամական հայտարարություններ, հռետորիկան քաղաքակիրթ չի եղել, բայց այդ բոլորը մնացել են թույլատրելի, կենդանի քարոզարշավի պայմաններում»։

 

Աղբյուր` Փաստինֆո



loading...