Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ


Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Դեկտեմբեր 10 13:43 2018

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքակիրթ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը։

 

Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: 

 

Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում ստեղծել յուրաքանչյուր մարդու իրավունքի պաշտպանությունը երաշխավորող մեխանիզմներ: Դրանց թվում ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի է մեծանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերակատարությունը:

 

Հայաստանում այդ առաքելությամբ է օժտված Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ Պաշտպանի աջակցությունը ստանալու մարդու սահմանադրական բացարձակ իրավունքը ազգային այս մեխանիզմի զարգացման գրավականն է:

 

Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշական է հիմնարար նշանակության իրադարձությամբ՝ պայմանավորված հանրապետությունում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններով:

 

Ակնհայտ է, որ 2018 թվականը նշանավորվեց ժողովրդավարական բարձր ձեռքբերումներով: Հայաստանի քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի իրացման շնորհիվ հասնել երկրում սկզբունքային փոփոխությունների: Այդ փոփոխությունների ամրապնդման կարևորագույն շրջափուլը եզրափակեց քաղաքացու կամքի ազատ իրացումը խորհրդարանական ընտրություններին մասնակցության միջոցով:

 

Քաղաքացիների բարձր վստահության վրա հիմնված ժողովրդավարական այդ զարգացումների արդյունքները պետք է ծառայեցնել հանրային իշխանության համակարգն ինստիտուցիոնալ ամուր հիմքերի վրա դնելուն:

 

Պետության ամրության հիմնարար գրավական է քաղաքացու բարձր վստահությունը և պետության կողմից նրա բոլոր իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը ապահովելը: Հանրային իշխանության խնդիրն է երաշխավորել քաղաքացու վստահության շարունակական ամրապնդումը իրավունքի գերակայության ու ժողովրդավարական բարձր արժեքների ապահովմամբ:

 

Սա է այն ուղղին, որը հնարավորություն կտա բոլոր ջանքերն ուղղել իրավական պետության և ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի հաստատմանը: Պետք է բացառել ցանկացած հետնահանջ ժողովրդավարական զարգացումներից և արձանագրված ձեռքբերումներից:

 

Վստահ եմ, որ այս մոտեցումը այլընտրանք չունի:

 

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:

 

Մաղթում եմ խաղաղություն և համերաշխություն մեր երկրին:



loading...