ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հանձնվի․ ի՞նչ ակնկալել նոր խորհրդարանից


ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն հանձնվի․ ի՞նչ ակնկալել նոր խորհրդարանից
Դեկտեմբեր 10 13:31 2018

Հայաստանի Հանրապետության պատմության քաղաքականապես ամենահագեցած տարին ամփոփվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք ազդարարեցին լրիվ իշխանափոխությունն ու հեղափոխության ամբողջական հաղթանակը։ Հաղթանակը կլիներ ստացված, անգամ, եթե քվեարկության արդյունքները շատ ավելի քիչ գոհացուցիչ լինեին ներկայիս իշխանությունների համար, խոսքը նրա մասին է, որ նույնիսկ ՀՀԿ-ի խորհրդարանում հայտնվելու դեպքում մենք պարզից էլ պարզ էր, որ տեսնելու էինք լրիվ իշխանափոխություն։ Այսինքն՝ արտահերթ ընտրությունների ողջ ինտրիգը կայանում էր ՀՀԿ-ի խորհրդարան անցնելու մեջ, և այս առումով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաղթանակ տարան «չոր հաշվով»։

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում չի ընգրկվի նաև ՀՅԴ-ն, ինչը նույնպես աննախադեպ է։ Տարիներ շարունակ իշխանությանը սպասարկելու մասին մեղադրանքների արդյունքն էլ այն եղավ, որ չկեղծված ընտրություններրը մեծ հարված հասցրին երբեմնի հզոր կուսակցությանը։ Կարող ենք ասել, որ ունենք նոր Հայաստան, և ողջ հայ ժողովուրդը կանգնած է ամեն ինչ մաքուր էջից սկսելու պատմական պատասխանատվության առաջ։ Նախնական տվյալներով նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, որից 88-ը կլինեն «Իմ քայլը» դաշինքի քվոտայով, 19-ը ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, 25-ը՝ ԲՀԿ-ի։

Մինչ ազատ և արդար ընտրություններից խոսելը, հարկ է անդրադառնալ մի պարզ ու հետաքրքիր հանգամանքի, որին համենայն դեպս առաջիկա օրերին չեն անդրադառնա ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ընդդիմադիրները։ Խոսքն այն մասին է, որ ընդդիմադիրներին այս մանդատները ժողովուրդը չի տվել, դրանք տրվել են ՀՀԿ-ի թելադրանքով պարտադրված Սահմանադրության կողմից։ Չանտեսելով համաժողովրդական աջակցության գլխավոր դերակատարությունը՝ արդարության համար նշենք նաև, որ հենց այդ նույն Սահմանադրությունը ճանապարհ հարթեց Փաշինյանի համար դեպի իշխանություն։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 19 պատգամավոր լինեն խորհրդարանում, բայց նրանք լինելու են, ապա դա ամենաքիչը արդար չէ։

Խարհրդարանական ուժերին դեռ շատ կանդրադառնանք առաջիկա 5 տարիների ընթացքում, իսկ ահա ՀՀԿ-ն ժամանակի ընթացքում կդառնա անհետաքրքիր թե՛ հանրության, և թե՛ լրատվամիջոցների համար, չնայած այն հանգամանքին, որ առանձին հանրապետականներ տիրապետում են ահռելի լրատվական ռեսուրսի։ Այսպիսով ՀՀԿ-ն ունի երկու սցենար՝ կամ ինքնաոչնչացվել, կամ, օգտագործվելով կուտակած ռեսուրս ու պոնտեցիալը, փորձել վերարտադրվել, այդպես՝ դառնալ հետաքրքիր։ Ըստ օրինաչափության՝ երկրորդ տարբերակը բացառված է, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցությունը ցույց տվեց, որ իրենց «կամքն ամուր է քարից էլ», ու դժվար թե հանձնվեն։ Պետք է հաշվի առնենք, որ հանրապետականները չունեն ինքնառեալիզացվելու հնարավորություն, բոլոր պլատֆորմները փակվելու են նրանց առաջ, մնալու է սեփականը՝ թեկուզ ջախջախված վիճակում։ Եվ ուրեմն, եկեք ժամանակից շուտ չմոռանանք ՀՀԿ-ի մասին, իսկ ՀՅԴ-ն այն ուժերից է, որ նույնիսկ իր ինստիտուցիոնալ կառուցվածքը  թույլ չի տալիս հեշտությամբ տրոհվել։

Կան տեսակետներ նաև, որ Փաշինյանը խորհրդարանում չունի հակակշիռ, և ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն կարող հակազդել իշխանություններին։ Իրականում այս ուժերի համար աննախադեպ հնարավորություն է ստեղծվել խարիզմա դրսևորելու և իրական տարընթերցում ապահովելու, քանի որ բոլորն էլ քաջ գիտակցում են, որ 5 տարի անց «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը կիջնի, և ճանապարհ կբացվի առաջին հերթին խորհրդարանական ուժերի համար։ Հարկավոր է համաձայնվել, որ երկու ուժերն էլ ունեն համապատասխան ներուժ։ Իսկ իշխանության հետ հակասությունների մասով, բոլորին է հայտնի, որ երկուսի հետ էլ Փաշինյանն ինչ որ պահի ունեցել սուր հակասություններ։ Անհրաժեշտ է արձանագրել մի պարզ իրողություն՝ Հայաստանի Հանրապետյան 7-րդ գումարման խորհրդարանը կլինի լավագույնը պատմության։

Վաչիկ Գրիգորյան