Հայկական սփյուռքն այլեւս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին


Հայկական սփյուռքն այլեւս չի կարող հեռակա դիտորդ լինել. Սերժ Թանկյանը՝ ընտրությունների մասին
Դեկտեմբեր 10 13:03 2018

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում անդրադարձել է Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության ընթացքում կարեւորագույն իրադարձություն է եւ հաղթանակ։

Նա, մասնավորապես, գրել է. «Ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի բնակչությունը կատարել է իր ընտրությունը, որն այնքան բարձր ու պարզ է լսվել,  որ նախկին ղեկավարող կուսակցությունները (ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն) չեն կարողացել հաղթահարել նույնիսկ 5 տոկոսի շեմը՝ Ազգային ժողով մտնելու համար։

Սա վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին մանդատ կտա ավարտին հասցնել հետագա բարեփոխումները եւ հետեւել ծրագրերին՝ երկրում այդքան անհրաժեշտ տնտեսական զարգացում ապահովելու համար։

Մարդիկ, որոնք նախկինում պաշտպանված են եղել պետության կողմից, որոնք ներգրավված են եղել հսկայական կոռուպցիային, անարդարության մեջ, որը տարիներ շարունակ դրսեւորվել է Հայաստանի քաղաքացիների դեմ, կկանգնեն արդարադատության առաջ կամ կվճարեն պարտքերը։

Հայկական սփյուռքն այլեւս չի կարող հեռակա դիտորդ լինել եւ սպասել՝ տեսնելու համար  ինչ տեղի կունենա։ Արդեն տեղի է ունեցել։ Ժամանակ է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը։

Սա Հայաստանի պատմության ընթացքում կարեւորագույն իրադարձություն է եւ հաղթանակ, որը պետք է բարձր գնահատենք»: