Պոմպեոն Սաուդյան Արաբիայից հետո Թուրքիա կայցելի՝ լրագրող Հաշքաջիի անհետացման հետ կապված


Պոմպեոն Սաուդյան Արաբիայից հետո Թուրքիա կայցելի՝ լրագրող Հաշքաջիի անհետացման հետ կապված
Հոկտեմբեր 16 10:26 2018

ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայից հետո Թուրքիա կայցելի՝ սաուդյան լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարգադրել է պետքարտուղար Պոմպեոյին անմիջապես Էր–Ռիյադ մեկնել, իսկ հետո Թուրքիա, որպեսզի հանդիպի թագավոր Սալմանի և թուրքական պաշտոնատար անձանց հետ» համապատասխանաբար,– նշել է նա։ «Անհրաժեշտ է, որպեսզի թուրքական իշխանությունները, Սաուդյան Արաբիայի լիակատար և թափանցիկ աջակցությամբ, կարողանան մանրակրկիտ հետաքննություն իրականացնել և այն ավարտելուց հետո հրապարակեն դրա արդյունքները»,– նշել են Անվտանգության խորհրդում, ավելացնելով, որ Պետդեպարտամենտը «այս հարցով մշտական կապի մեջ է գտնվում թուրքական և սաուդյան գործընկերների հետ»։

Հաշքաջին հայտնի է Էր–Ռիյադի ներկայիս քաղաքականության վերաբերյալ իր քննադատական ելույթներով։ 2017 թվականին նա լքել էր հայրենիքը և ԱՄՆ–ում էր հաստատվել։ Լրագրողը, մշտական հիմունքներով, հոդվածներ էր գրում The Washington Post–ի համար։ Հոկտեմբերի 2-ին նա Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն է գնացել փաստաթղթերը ձևակերպելու համար և այդ ժամանակվանից անհետացել է։