«ԲՀԿ»-ական 2 պատգամավորներ լքել են կուսակցությունը. նրանք կաջակցեն Նիկոլ Փաշինյանին


«ԲՀԿ»-ական 2 պատգամավորներ լքել են կուսակցությունը. նրանք կաջակցեն Նիկոլ Փաշինյանին
Հոկտեմբեր 15 21:51 2018

«ԲՀԿ» կուսակցության անդամ Լյովա Խաչատրյանը և Վահան Կարապետյանը դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: «Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին»,- ասաց նա:

-Պարո՛ն Խաչատրյան, դո՞ւրս եք եկել ԲՀԿ-ից և ի՞նչ պատճառով։

– Դուրս եմ եկել ու վերջ: Ցանկություն ունեմ առանձին գնալ...

- Հնարավո՞ր է՝ կուսակցություն ստեղծեք։

- Շատ հնարավոր է՝ ազնիվ մարդկանց թիմով մասնակցենք խորհրդարանական ընտրություններին:

- ԲՀԿ-ի մեջ ի՞նչն էր խնդիրը:

- ԲՀԿ-ի մասին խոսել չեմ ցանկանում, և սիրուն էլ չի լինի իմ կողմից խոսել մի թիմի մասին, որի կազմում եղել եմ։

- Կուսակցությունում Ձեր դուրս գալու լուրը ինչպե՞ս է ընդունվել:

- Նորմալ երևի, չգիտեմ։

- Վահան Կարապետյանը և՞ս դուրս է եկել, համատե՞ղ եք կուսակցություն ստեղծելու: (Վահան Կարապետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց–խմբ.)

- Մենք միասին ենք բոլոր գործերում, միասին ենք մտածում քաղաքական շատ գործընթացների և երևույթների մասին, մենք գաղափարակիցներ ենք, իսկ կստեղծենք, թե չենք ստեղծի, ցույց կտա ժամանակը:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր մասնակցությունը ընտրություններին:

- Ինձ ամբողջությամբ բավարարում է այս վիճակը, բայց կցանկանայի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե մի փոքր կասկած ունենամ, որ այն 30 տոկոս քվոտայում, որ տալիս է Սահմանադրությունը՝ պարտադիր խորհրդարան անցնելու համար, կհայտնվեն նախկին թալանչիները, կոռուպցիոներները, մարդասպանները և այլն: Եթե համոզված լինեմ, որ նրանք շանս չունեն այդ 30 տոկոսում հայտնվելու, միգուցե ո՛չ առաջադրվեմ, ո՛չ մասնակցեմ, ո՛չ էլ կուսակցական «խաղեր տամ», քանի որ կուսակցություն հասկացություն առայժմ չկա:

- Որ նշում եք թալանչիներ և այլն, նկատի ունեք նաև ԲՀԿ-ի՞ն:

- Ես բացարձակ ոչ մի կուսակցության առանձին վերցրած նկատի չունեմ, իսկ թալանչիներին, կոռուպցիոներներին և մնացած ոչ մաքուր հայերին բոլորս գիտենք: Ես անձերին նկատի ունեմ, որոնք այստեղ–այնտեղ սողոսկելով հայտնվում էին և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում, և՛ իրավապահ մարմիններում։

- Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ հարաբերություն ունեք:

- Իմ հարաբերությունները Հայաստանում բոլորի հետ նորմալ են, ես ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել:

- Ինչպե՞ս որոշեցիք դուրս գալ, ինչի՞ց ելնելով:

- Ծիծաղելով, ուրախանալով որոշեցի դուրս գալ, որովհետև այլ ռակուրսով եմ նայում այսօրվա երևույթներին

- Աջակցո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին:

- Այո, աջակցում և աջակցելու եմ նրա բոլոր նախաձեռնություններին մինչև խորհրդարանական ընտրություններ, մինչև դրանցից հետո ձևավորվող նոր կառավարության հարյուր օրվա հաշվետվությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում